ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Հոկտեմբեր 17-ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովներու ՀՅԴ խմբակցութիւններու հանդիպումը: Այս մասին «Ապառաժ»-ի թղթակիցը հարցազրոյց մը կատարած է ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի «դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանին հետ:
«ԱՊԱՌԱԺ».- Ի՞նչ անհրաժեշտութիւնից ելնելով է, որ առնուազն տարին երկու անգամ տեղի ունենում Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների ՀՅԴ խմբակցութիւնների հանդիպումը:
ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Արցախի Ազգային ժողովի «դաշնակցութիւն» խմբակցութիւնը իւրաքանչիւր տարի հաստատում է իր տարեկան գործունէութեան ծրագիրը, տեղ միջոցառումներից, ձեռնարկներից եւ օրէնսդրական նախաձեռնութիւններից զատ` նախատեսուած է նաեւ Հայաստանի ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան հետ տարեկան առնուազն երկու հանդիպում` միջխորհրդարանական յարաբերութիւնների խորացման նկատառումներից ելնելով: Այդ հանդիպումներից մէկը նախատեսուած է կայացնել Երեւանում, միւսը` Ստեփանակերտում` քննարկելու օրակարգային այն հարցերը, որոնք նախօրօք ճշդւում են երկու խմբակցութիւնների միջեւ:
Հանդիպման ընթացքում ՀՅԴ երկու խմբակցութիւնների անդամները տեղեկատուութիւն են փոխանցել նախորդ շրջանի կատարած աշխատանքների մասին եւ ներկայացրել խմբակցութիւնների առջեւ առկայ խնդիրները: Նկատի առնելով այն հանգամանքը, որ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը չունի այն լայն հնարաւորութիւնները, որոնք ունի ՀՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը, հանդիպմանը քննարկուել է նաեւ փորձագիտական գրասենեակների եւ փորձագիտական աջակցութեան հարցը: Մեր խմբակցութիւնն ունի հայաստանեան մեր խմբակցութեան մասնագիտական եւ փորձագիտական աջակցութիւնը:
«Ա.».- Ի՞նչ հարցերի շուրջ էին ծաւալւում քննարկումները օրեր առաջ կայացած հանդիպման ընթացքում:
«Դ.».- Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերում էին օրէնսդրական խնդիրներին, երկու հանրապետութիւնների միջեւ համագործակցութեան խորացման եւ միջազգային հարթակներում առաւել արդիւնաւէտ աշխատելու հեռանկարային հարցերին:
Անդրադարձել ենք մի շարք օրէնքների, որոնք առնչւում են Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների քաղաքացիներին, մասնաւորապէս` աւանդերի վերադարձմանն առնչուող խնդիրներին: Աւանդների մշակուած փոխհատուցման կարգի համաձայն, քաղաքացիների աւանդը փոխհատուցւում է, սակայն Արցախում եւ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր ԽՍՀՄ տարիներին խնայադրամարկղներում պահուած գումարների դիմաց ոչինչ չեն ստացել: Նման մարդկանց թիւն այնքան էլ մեծ չէ, եւ անհրաժեշտ է երկու խորհրդարաններում համապատասխան քննարկումներ ծաւալել` փորձելով գտնել հնարաւոր լուծումներ` երկու հանրապետութիւնների քաղաքացիների դժգոհութեան առիթը վերացնելու եւ օրէնքին համապատասխան փոխհատուցելու քաղաքացիների ի պահ դրուած խնայողութիւնները: Այս առումով, կարեւոր էր երկուստէք հարցին անդրադառնալը:
Մաքսային ծառայութեան խնդիրը եւս հանդիպման օրակարգային հարցերից էր: Արցախի եւ Հայաստանի միջպետական սահմանը հատող Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետութիւնում ընդունուած օրէնքի համապատասխան պահանջներից են օգտւում, եւ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն օրէնքի կարգաւորման անհրաժեշտութիւն: Այս առումով, Արցախի խորհրդարանը եւ խորհրդարանականները չէին կարող չանդրադառնալ այդ խնդրին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանում ընդունուած մի շարք օրէնքներ քննարկման են դրւում նաեւ Արցախի խորհրդարանում: Այդ իսկ պատճառով ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն, որի համաձայն, մեր խմբակցութեանն է փոխանցուելու Հայաստանի Հանրապետութիւնում քննարկուող օրէնքների եւ օրէնսդրական նախաձեռնութիւնների մասին որոշակի տեղեկացուածութիւն` ընդունուած օրէնքների մասին պատկերացում կազմելու եւ Արցախի խորհրդարանի մակարդակով օրէնքները քննարկելու նպատակով: