Վարեց՝ ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ
Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամաւոր Դանիէլ Ղազարեանը պատասխանում է «Իրաւունք» թերթի հարցերին:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Տիկին Ղազարեան, կը մանրամասնէ՞ք, թէ ինչով էր պայմանաւորուած այս անգամ ձեր այցը Հայաստան:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Անցեալ շաբաթ եմ եկել Երեւան եւ երէկ էլ ՀՀ քաղաքացի դարձայ: Այնպէս որ, իմ այցը մասնաւոր բնոյթ ունէր՝ քաղաքացիութիւն ձեռք բերելու համար: Սակայն, մասնաւորը դարձաւ գործնական այց, եւ մեծ պատիւ էր, որ ինձ ընդունեցին ՀՀ Ազգային ժողովում:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Հետաքրքիր է՝ ինչի՞ շուրջ է ծաւալուել քննարկումը հայաստանեան գործընկերների հետ:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Հանդիպումը կայացաւ աւելի շատ մասնաւոր շրջանակներում, բայց, իհարկէ, քննարկուեցին շատ տարբեր թեմաներ, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կապերին, դրա ամրապնդմանը: Իհարկէ, մշակութային կապերը Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ միշտ առկայ են եղել, ինչի համար ինքս անձնապէս շատ ուրախ եմ: Ի դէպ, 2018 թուականի աշնանն այստեղ՝ Երեւանում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ասեմ նաեւ, որ Ֆրանսիայի խորհրդարանում երեք ծագումով հայ պատգամաւոր կայ՝ ես, Գիյոմ Գասպարեանը եւ Ժակ Մարիլոսեանը: Մենք Յունիս ամսին ենք ընտրուել՝ որպէս խորհրդարանական եւ մաս ենք կազմում Ֆրանսիայի հանրապետութեան նախագահի «Առաջ հանրապետութիւն» կուսակցութեան: Ուստի, ՀՀ քաղաքացիութիւն ստանալով՝ երէկուանից սկսած ինձ համարում եմ ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ հայկական պատգամաւոր, որը Ֆրանսիայում ներկայացնում է նաեւ Հայաստանը:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականութիւն:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Իմ քաղաքական ներգրաւուածութիւնը կարելի է ասել եղաւ նախագահ Մակրոնի շնորհիւ, որովհետեւ ինձ մօտ այդքան էլ ծրագրաւորուած չէր իմ կեանքի ընթացքում քաղաքականութեամբ զբաղուել: Բայց մեր նախագահը տուեց այդ հնարաւորութիւններն այն մարդկանց, ովքեր քաղաքացիական հասարակութիւնն են ներկայացնում, ինչպիսին ես եմ, որպէսզի սկսեն զբաղուել քաղաքականութեամբ ու աշխատեն ի նպաստ Ֆրանսիայի: Սա մի գործառոյթ է, որը 52 տարեկանում ինձնից մեծ պարտաւորութիւններ է ենթադրում, բայց ես կարողացայ յաղթահարել եւ ընտրուել:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Անդրադառնանք նաեւ Ֆրանսիայում հայ համայնքի խնդիրներին…
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Հայկական համայնքը շատ ուժեղ կառուցուածք ունի եւ շատ լաւ վիճակում է գտնւում: Հայկական թերթ ունենք, դպրոց ունենք, եկեղեցիներ ունենք, ուզում եմ անպայման նշել, որ Ֆրանսիայում 2013 թուականին «Հայկական յիշողութեան» կենտրոնն է բացուել, որի նախագահն եմ եղել: Այն շատ կարեւոր է մեզ համար, մանաւանդ՝ նոր սերունդների համար: Այդ կենտրոնում շատ աշխատանքներ ենք իրականացնում եւ մեր նպատակն է լինել բաց ոչ միայն դէպի հայերը, դէպի հայկական համայնքը, այլեւ շատ տարբեր աշխատանքներ կատարել՝ դպրոցականներին, համալսարանականներին ներկայացնելով հայկական ինքնութիւնը, եւ իհարկէ, պատմութիւնը: Այնպէս որ, Ֆրանսիայում հայկական համայնքը դինամիկ (աշխոյժ-Խմբ.) կերպով զարգանում է, յատկապէս այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին են Լիոնը, Մարսելը եւ Փարիզը:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ինչպէ՞ս կը գնահատէք հայ-ֆրանսիական յարաբերութիւնները թէ՛ միջխորհրդարանական մակարդակում, թէ՛ ընդհանրապէս:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Մեր նախորդ նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի օրօք գոյութիւն ունէր հայ-ֆրանսիական միջխորհրդարանական բարեկամական խումբ, որը բաւականին ակտիւ էր խորհրդարանում: Այդ խմբում ներառուած էր մօտաւորապէս 60 պատգամաւոր շատ տարբեր խմբակցութիւններից եւ կուսակցութիւններից: Բայց քանի որ ընտրութիւններից յետոյ Ֆրանսիայում ամբողջովին վերափոխուեց եւ ձեւափոխուեց քաղաքական կարգը, հիմա շատ խորհրդարանականներ այլեւս իրենց տեղերը չեն զբաղեցնում Ազգային ժողովում: Այժմ խնդիր է առաջացել ձեւաւորել նոր բարեկամական խումբ, որի նախագահ վերջերս ընտրուել է Ֆրանսիայում հայազգի պատգամաւոր Ժակ Մարիլոսեանը: Մեր առաջիկայ աշխատանքը պէտք է լինի այն, որ վերականգնենք, վերստեղծենք ու ձեւաւորենք այդ բարեկամական խումբը, որը կ՛ընդգրկի էլ աւելի շատ ներկայացուցիչներ: Այդ խմբի հետ կապուած գրանցումները ընդամէնը մի քանի շաբաթ առաջ են սկսուել, եւ այս ժամանակի ընթացքում յուսով եմ, որ այն կ՛ամբողջացուի:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Առհասարակ, հայ-ֆրանսիական յարաբերութիւններում ի՞նչ ուղղութեամբ էք տեսնում հնարաւոր զարգացում:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային կապերը միշտ էլ գոյութիւն են ունեցել եւ շատ ուժեղ են եղել, բայց մեր նպատակն է մշակութայինից զատ, զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը: Անկախ Հայաստանի Հանրապետութիւնը շատ երիտասարդ է, ընդամէնը 26 տարեկան, բայց ամէն անգամ, երբ այցելում եմ Երեւան, տեսնում եմ այդ փոփոխութիւնները, առաջընթացը եւ յուսով եմ, որ հնարաւոր կը լինի էլ աւելի ուժեղացնել տնտեսական կապերը: Չէ՞ որ Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման, ինչը թոյլ կը տայ հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում: Գիտեմ, որ սա նաեւ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսեանի մտահոգութիւններից մէկն է, որպէսզի տնտեսական զարգացումը նպաստի նրան, որ հայ երիտասարդները կարողանան իրենց տեղը գտնել հայրենիքում:
ՀՐԱՆԴ ՍԱՐԱՖԵԱՆ.- Ֆրանսիայի խորհրդարանի ազգութեամբ հայ երեք պատգամաւորների օրակարգում հայ-ֆրանսիական յարաբերութիւնների հետ կապուած ի՞նչ օրակարգային հարցեր կան, որոնք կը փորձէք բարձրացնել խորհրդարանում:
ԴԱՆԻԷԼ ՂԱԶԱՐԵԱՆ.- Ինչպէս նշեցի, գլխաւորը լինելու է աւելի զարգացնել գոյութիւն ունեցող մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը մեր երկու երկրների միջեւ: Ինչպէս նաեւ կայ մի հարց, որն ինձ համար անձնապէս շատ կարեւոր է՝ Արցախի հարցը: Ինչպէս գիտէք, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մէկն է՝ Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին: Եւ կարծում եմ՝ մօտ ապագայում ԼՂ հակամարտութեան լուծումը կը գտնուի, որը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք Ֆրանսիայում շատ ուշադիր հետեւեցինք այն բախումներին, որոնք տեղի ունեցան անցեալ տարի ապրիլեան պատերազմի ժամանակ: Եւ պէտք է ասեմ, որ Արցախի համար ամենակարեւորը խաղաղութիւնն է, ուստի՝ յուսանք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչպէս նախորդ նախագահը, իր ջանքերը կը շարունակի՝ խնդրի խաղաղ կարգաւորման համար: