Quantcast
Channel: Հարցազրոյց – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 847

Սպարտակ Ղարաբաղցեան. «Ես Մասնակցել Եմ Գերիների Փոխանակման Գործողութիւններին Ու Տեսել Եմ, Թէ Ինչպէ՛ս Երբ Իրենք Բերում Էին Մեր Դիակը Յանձնելու, Գլուխ Էին Խոնարհում Եւ Ասում, Որ` «Հերոս Տղայ Էր»»

$
0
0

Հարցազրոյցը վարեց ՄԱՐԻ ՄԵՐՏԽԱՆԵԱՆ

«Փոս-Փարիզ» է Սպարտակ Ղարաբաղցեանի նոր գիրքին վերնագիրը:

3 հոկտեմբեր 2021-ին գրագէտ, հրապարակախօս, մշակոյթի նուիրեալ Սպարտակ Ղարաբաղցեանի ծննդեան 70-րդ տարեդարձին օրը տեղի ունեցաւ նաեւ «Փոս-Փարիզ»-ի շնորհահանդէսը:

Երեւանի «Art Bridge» սրճարանին մէջ հաւաքուած փոքրաթիւ հարազատներ, ընկերներ եւ մշակութասէրներ լսեցին բազմաթիւ հարցերու մասին Սպարտակ Ղարաբաղցեանի կարծիքը եւ ծանօթացան նոր գիրքին:

Յառաջաբանին մէջ գրականագէտ Ֆելիքս Բաղչինեան արդարօրէն ընդգծած է. «Սպարտակ Ղարաբաղցեանի պատմուածքները խրատ չեն, այլ դժուարին, դանդաղ ընթացող երկխօսութիւն` ընթերցողի հետ: Դրանք միշտ յուզում, ալեկոծում են ընթերցողի ոգին»:

Եւ այդպէս է:

Միջին չափով գիրքի 168 էջերուն մէջ ամփոփուած են գրագէտի վերջին տարիներուն գրած պատմուածքները, որոնց աշխարհագրութիւնը կը տարածուի Հայաստանէն մինչեւ սփիւռքի տարբեր գաղութներ: Գիրքը պայմանականօրէն բաժնուած է երկու մասերու` «Հին օրերի կենացը» եւ «Գետից այն կողմ»: Յիշատակը, հին օրերու կարօտը, հայ մարդը (հայրենիքի եւ սփիւռքի մէջ), այսօրուան ցաւը… ահա քանի մը «հերոսներ», որոնք ընթերցողին կ՛ընկերանան առաջին էջէն: Բայց անոնք վերջին էջի փակումով հրաժեշտ չեն տար:

Թէեւ շատ բարիք եւ լոյս կայ Սպարտակ Ղարաբաղցեանի բառերուն մէջ, սակայն այդ «հերոսները» կը մնան ընթերցողին հետ, ցաւեր եւ յիշատակներ կ՛արթնցնեն, մտորելու կը մղեն, կը տագնապեցնեն: «Աֆոն», օրինակ, շատ կարճ տողերու մէջ կ՛ամփոփէ մեր այսօրուան ողբերգութիւնը:

Սուրիահայերուն համար ծանօթ եւ սիրելի դէմք է Սպարտակ Ղարաբաղցեանը: Սուրիահայն ալ սիրելի է իրեն համար, եւ ատոր արձագանգը կա՛յ նաեւ այս գիրքին մէջ: «Հալէպի ֆուլը», «Պատմութիւն Օթել Պարոնի, տը Կոլի ու սափրիչի մասին», «Հալէպեան ճեպանկար», «Եօթ օր կորսուած դրախտում», եւ այլն… ահա՛ այս գիրքին մէջ տեղ գտած պատմուածքներէն քանի մը հատը, որոնք կը պատմեն սուրիահայու-հալէպահայու հետ իր հանդիպումներուն, տպաւորութիւններուն եւ զգացումներուն մասին:

Բովանդակութեամբ եւ տեսքով գեղեցիկ գիրք մը դրուած է ընթերցասէրի ցանկին վրայ: Գիրքին կողքը կարծէք կ՛ամփոփէ ոչ միայն այս գիրքին, այլեւ  հեղինակին փիլիսոփայութիւնը: Հոն Վահանն է (հեղինակին թոռնիկը), որ մեծ հօր ձեռքը բռնած` պայծառ աչքերով կը նայի դէպի անցեալ եւ հաստատակամ կը քալէ դէպի ապագայ…

«Փոս-Փարիզ»-ի մասին խօսքս աւարտեմ գիրքի խմբագիր Հերմինէ Աւագեանին առաջարկով. «Ընկերութիւն արէ՛ք այս գրքի հետ ու կը տեսնէք, որ այն լաւ խորհրդատու է: Այս գրքի հետ արժէ ճանապարհ գնալ, որովհետեւ այն գիտի` ինչպէ՛ս շրջանցել ծուռ ու շեղ ճանապարհները…»:

Շնորհահանդէսէն քանի մը օր առաջ, 21 սեպտեմբերին հարցազրոյց մը ունեցայ Սպարտակ Ղարաբաղցեանի հետ: Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, իր «Շուշի» գրատան վերնատան մէջ նստած, իւրովի նշեցինք այդ տօնը: Տխրութեան մշուշին մէջ բառերը դժուարութեամբ կը հոսէին պերճախօս գրագէտին բերնէն: Բայց անցեալէն ստացած ուժով կրցանք բազմաթիւ թեմաներու մասին խօսիլ, եւ հարցազրոյցը դարձաւ երկխօսութիւն, զրոյց` երկու գաղափարակից ընկերներու միջեւ:

Այստեղ այդ զրոյցին առաջին մասն է:

ՄԱՐԻ ՄԵՐՏԽԱՆԵԱՆ.- Ընկե՛ր Սպարտակ, մեր հարցազրոյցը կը զուգադիպի Անկախութեան տօնին: Դուք` որպէս ականատես եւ մասնակից անկախութեան հռչակման եւ անցեալ երեսուն տարիներուն, ինչպէ՞ս կը գնահատէք այս օրը: Ինչո՞ւ հասանք այսօրուան:

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ.- Տեսէ՛ք, սովորաբար այս օրը մենք ուրախութեամբ կը յիշատակէինք: Կը շնորհաւորէինք մեր հարազատներին, մեր ընկերներին` Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում: Իսկ այսօր դա մի տեսակ շքեղութիւն  է համարւում… Շատ բաների առաջ աչք ենք փակել. բանի տեղ չենք դրել: Մտածել ենք, որ ամէն հասարակութեան մէջ էլ կան, ամէն ժողովրդի մէջ էլ կան: Բայց յետոյ, կամաց-կամաց տեսանք, որ այս աղբը վեր է բարձրանում:

Մ. Մ.- Այդ մասին յաճախ խօսեր ենք:

Ս. Ղ.- Այո՛, մեր սերնդակիցները, մեր շրջապատը շատ է խօսել, որ մեզ վատ տեղ են տանում: Շատեր մեր հետ վէճի մէջ էին մտնում: Մարդիկ, որոնք մեզ պէս ճանապարհ էին անցել, ինչ-որ գունաւոր, երազային բան էին տեսնում: Յատկապէս` 2018 թուականի յեղափոխութիւն կոչուածից յետոյ: Ներքուստ մաշկով էլ զգում էի, որ վատ տեղ ենք գնում, մեզ վատ տեղ են տանում: Բայց է՞ս արագութեամբ ու է՞ս ծաւալով: Մինչեւ անգամ` է՞ս հոգեւոր կողոպուտով: Եթէ յիշում ես,  հէնց սկզբից հոգեւոր կողոպուտի հիմքը դրուեց. մայիսի 28-ը վարկաբեկել, Ա. Մանուկեանի արձանի շուրջ քաշքշուքներ առաջ մղել… Յետոյ` ապրիլի 24-ի խեղկատակութիւնը: Մենք այն սերունդն ենք, որ նոյնի՛սկ խորհրդային տարիներին այդ պատնէշը ճեղքել ենք: Յետոյ հասաւ հէնց այս օրը. «Քորոնա»-ի պատճառով չկայացան Անկախութեան օրուան ժողովրդային տօնակատարութիւնները: Սեղմուեց, վերածուեց սեղմ միջոցառման: Իսկ այսօր, երբ կը պարտադրեն, որ անպայման մինչեւ հոկտեմբերի 1-ը պէտք է պատուաստել, երկշաբաթեայ թեսթեր յանձնել, հրապարակում գունագեղ տօնախմբութիւն են կազմակերպում: Այս բոլորը մարդու, հա՛յ մարդու, մե՛ր տեսակի հայու բանականութեան մէջ չի տեղաւորւում: Մեզ` մեր սերունդին, կարելի է մի անգամ խաբել, բայց երբ հասնում է մի տեղ, որ դա կրկնւում է, ու դու մի տեսակ չես կարողանում բացատրել ու համոզել,  թէ ի՛նչ է կատարւում… Դա բերում է քո քիչ առաջուան հարցի պատասխանին. Ինչո՞ւ ենք մենք հիմա այս վիճակի մէջ: Օրինակներ շատ կարող ենք բերել. մեր ու Արցախի միջեւ արհեստական անդունդի խորացումը, Հայաստանի եւ սփիւռքի միջեւ ձեւական յարաբերութիւնները: Հայութիւնը այսօր նման է ցեց ինկած գորգի: Գորգը, երբ ցեց է ընկնում,  պէտք է մաքրես: Մենք էլ չէինք հաւատում այս օրուան: Ուժեղ սփիւռքը մեզ ուժ էր տալիս:  Այդ ուժը զգացել ենք արցախեան շարժման տարիներին: Այսօր մի տեսակ «էն չի»: Առաջ մեծ հաճոյքով խօսում, զրուցում, գործում էինք: Հիմա, անկեղծօրէն, մինչեւ անգամ խօսելդ էլ չի գալիս: Հիմա պարզապէս քեզ հասկացողի հետ խօսելու, քո տեսակը պահելու խնդիրի առաջ ենք:

Մ. Մ.- Ըսիք, որ մեզ անընդհատ կը խաբեն, եւ մենք չենք կրնար այս մէկը դիմացինին բացատրել: Ինչո՞ւ այդպէս եղաւ: Դուք մտաւորական ու գործի մարդ էք: Ինչո՞ւ այսպէս եղաւ: Մարդը առանց դժգոհելու` շարունակ կը խաբուի ու ինքը գոհ է ատով:

Ս. Ղ.- Երեւի թէ մեր պատմութեան մէջ, երբ ժողովուրդը կորցնում է ճակատագրական պահի զգացողութիւնը, մեծ արհաւիրքի է հանդիպում: Մենք թիւ ենք ասում` «1915 թուականի ցեղասպանութիւն»: Բայց մենք խաբուելով` հասել ենք այդ թուականին: Մինչեւ 1915-ի ջարդերը մեզ չեն սթափեցրել: Մենք ե՛ւ խաբուել ենք, ե՛ւ խաբկանքի մէջ ենք եղել: Փոքր յաղթանակներով եւ խոստումներով ոգեւորուել ենք: Ու երբ այդ փոքր յաղթանակները չես ամրագրում, դրանք, այո՛, դառնում են քո հպարտութեան մի մասնիկը, սակայն` ոչ աւելին: Մենք նախորդ դարում խաբուեցինք` մեր յոյսը դնելով օտարների վրայ, որոնք մեզի համար սահմաններ կը ճշդէին, մեզի անկախութիւն կը խոստանային: Ու այդպէս հասանք 1915-1923 թուականի ցեղասպանութիւն: Յետոյ հասանք խորհրդային շրջան: Եւ այդ շրջանի դաստիարակութիւնը ինչքան ալ որ զսպուած է եղել, սակայն այդ սերունդը պահել էր ազգային հպարտութեան հատիկը, որ պայթեց Ցեղասպանութեան յիսնամեակին: Յետոյ հասանք 88 թիւ, յետոյ` երկու հայկական պետութիւնների անկախութեան շրջան… Ու այսօր, տեսէ՛ք, Արցախի մկրատուելու ողբերգութիւնից յետոյ, Հայաստանի թիկունքը բաց մնաց: Բոլորին թւում էր, թէ Հայաստանն է Արցախին երաշխաւորը, Արցախը բեռ է: Ու այսօր տեսնում ենք, որ իրականութիւնը լրիւ տարբեր է: Այստեղ յուշեմ, որ ժողովուրդը երբ իր պատմութիւնը «բեռ» է սարքում, ուրեմն այդ ծանր բեռը պէտք է շալակած տանի: Եթէ այդ ծանրութեան չի դիմանում, ցած է դնում եւ ուրիշն է դառնում դրա տէրը…

Այսօր պատահական չէ, որ Արցախում ռուսներն են: Իրենք շատ լաւ գիտեն, թէ Արցախը Կովկասի համար ի՛նչ է նշանակում: Նո՛յն այդ կայսրութեան զինուորականներն ու մտաւորականներն էին ասել. «Ով որ Շուշիին տիրում է, ինքն է Ղարաբաղի տէրը: Իսկ Ղարաբաղին տիրողը կը տիրի Անդրկովկասին»: Սա կայսերական մտածողութեան արդիւնք է: Հիմա եթէ ուշադիր նայես, պատմութիւնը նոյն ձեւի կրկնւում է: Բայց, էլի այդ օրինակը բերեմ, Հայաստանը արդէն բզկտուած գորգի է նման: Բոլորը շատ լաւ գիտեն, որ այս գորգը շատ թանկարժէք է: Տեսէ՛ք. Իրանը իր խօսքը անպայման կ՛ասի: Ռուսները ամէն օր հասկացնում են, որ իրենք են այս տարածաշրջանի հիմնական խաղացողներից մէկը: Մենք մեր թեմայից շեղուեցինք, ինչպէս մեր բոլոր զրոյցներում կ՛անենք… Բայց հիմա իրողութիւն է, որ մենք դարձել ենք կամովին սպասարկող: Մեր երկիրը մաս-մաս տալիս ենք: Մի օր գերիների փոխարէն` հող ենք տալիս, մի օր թրքական անուններով ենք նսեմացնում մեր հողերը… յիշեցնեմ, որ թուրքերը մի սկզբունք ունեն` որտեղ որ շիրիմ ունեն, իրե՛նցն են համարում: Ուրեմն ի՞նչ. Հայաստանի բոլոր տարածքները իրե՞նցն են: Տեսէ՛ք. պատահական չէ, որ այսօր Արցախի մէջ առաջին հերթին մեր սրբատեղիներն են ջնջում: Շատ լաւ գիտեն, որ դրանք ամենամեծ ապացոյցներն են: Յիշո՞ւմ էք Ջուղայի խաչքարերի կոտորածը: Մենք շա՜տ բաների դէմ աչք փակեցինք: Ու այդ անտարբերութիւնը մեզ հասցրեց այսօրուան: Երեսուն տարուան մէջ մենք նաեւ չկարողացանք ազգային մտածողութեամբ վերնախաւ ստեղծել Հայաստանում: Ու եթէ եղել է, ապա շատ քիչ անհատականութիւններ են եղել, որոնք հնարաւորութիւն չեն ունեցել այդ ամէնը պետական դոկտրինաի վերածել:

Մ. Մ.- Վերջին տարիներուն (դեռ 2018-էն շատ առաջ) ակնյայտ էր, որ մեր «ազգային»-ը կը նահանջէր «կլոպալիստ»-ին դիմաց: Ամէն բան ընթացաւ մեր աչքին առաջ: 2018-ի շարժման դէմ ազգայինը պարտուեցաւ: Իսկ մինչեւ այդ մենք ինչո՞ւ չկրցանք այդ նահանջին առաջքը առնել, կասեցնել: Պարտութիւնը ժամանակաւո՞ր է: Կասկած չկայ, բայց արդէն իրողութիւն է: Յաճախ օրինակ կը բերեմ «Ազատութիւն» կայանի միջոցով ստեղծուած օրակարգերը, որոնք տարիներ շարունակ քարոզչական յատուկ ուղղութեամբ յաջողեցան շեղել մեր ժողովուրդին ուշադրութիւնը եւ կեդրոնացնել ոչ ազգային օրակարգերու վրայ: Մենք ինչո՞ւ չյաջողեցանք հաւասարակշռել: Հարցումս կրնայ կրկնութիւն ըլլալ, բայց կը կարծեմ, որ շատ բան թաքնուած է հոն:

Ս. Ղ.- Այս տարածաշրջանի միակ «մոնօ» երկիրը Հայաստանն է, ուր բնակչութեան 98 տոկոսը հայ է: Մի՛շտ զգուշացրել եմ, թէ որքան էլ մենք հպարտանանք, առաջին հարուածը այդ խորապատկերին վրայ պիտի ստանանք: Ո՛չ մէկին ձեռնտու է այսպիսի միատարր բնակչութեամբ երկիրը: Ու պարզուեց, որ չէի սխալուել: Մենք փաստօրէն պետականամէտ ըլլալու իմաստով դարձել ենք ամենաապազգայինը: Գաղտնիք չէ: Տեսէ՛ք` ի՛նչ է կատարւում: Մէկդի դնելով լծակների եւ այլ գործօնների ազդեցութիւնը` մի ստուար զանգուած պարտուած քաղաքական ուժին ձայն է տալիս: Առողջ մտածողութիւն ունեցող ժողովուրդը զերօ տոկոս պէտք էր ձայն տար: Դեհ, առանց աղբի չի լինում: Պարտուողին անպայման ձայն տուողներ կը լինէին, սակայն` ոչ այս ծաւալներով: Այսինքն մենք ստացանք մեր երեսուն տարիների բացթողումների պատասխանը: Գիտե՞ս, յաղթողը դափնիների վրայ քնած էր: Իննսունական թուականներին մեր թշնամին մեզ յարգում էր: Ես մասնակցել եմ գերիների փոխանակման գործողութիւններին ու տեսել եմ, թէ ինչպէ՛ս երբ իրենք բերում էին մեր դիակը յանձնելու, գլուխ էին խոնարհում եւ ասում, որ` «ՀԵՐՈՍ ՏՂԱՅ ԷՐ»: Մէկը աներձագիս եղբօր տղան էր, որ վեց ամիս պահելուց յետոյ յանձնել էին: Արցախցի մտաւորական Միքայէլ Հաճեանի հետ գնացել էինք դիակն ստանալու, ու թուրքը յարգանքով խոստովանում էր, որ սա «հերոս տղայ էր»: Իսկ հիմա տեսէ՛ք, թէ ո՛նց են վերաբերում: Այն ժամանակ մենք մի հայ գերիի դիմաց ութ թուրք էինք տալիս, հիմա մենք վերադարձնում ենք իրենց մարդասպաններին` առանց ո՛չ մի գերի ստանալու… Սրանք սովորական չափանիշներ չեն: Սրանով նաեւ քո նկատմամբ վերաբերմունք ես չափում: Ամէն օր Ջրականի տարածքում, Հադրութի տարածքում մեր հերոս նահատակների մարմիններն են գտնւում, ու այս խորապատկերին այսօրուան սեպտեմբերի 21-ը տխուր օր է դառնում քո համար: Յիշում եմ «Մեռելատանը հարսանիք չեն անում» ժողովրդական խօսքը: Իսկ այսօր մենք ուզում ենք մեռելատանն գունագեղ հարսանիք անենք…


Viewing all articles
Browse latest Browse all 847

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>