Quantcast
Channel: Հարցազրոյց – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 847

«Կան Հարցեր, Որոնք Հանրային Քննարկման Առարկայ Դարձնել Նպատակայարմար Չէ»

$
0
0
«Հրապարակ»-ի Հարցազրոյցը Արցախի Ազգային Ժողովի
Արտաքին Յարաբերութիւններու Յանձնաժողովի Նախագահ
Վահրամ Բալայեանի Հետ

Վարեց` ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Ռուսաստանի եւ Ֆրանսայի` հրադադարին ուղղուած ջանքերից յետոյ եկաւ Ամերիկայի հերթը: Մինչ այդ հայ հասարակութեան մէջ կար մտայնութիւն, թէ իբր առաջին երկուսն այնքան էլ շահագրգռուած չեն հրադադարի հաստատմամբ, եւ դրա համար էլ այն չպահպանուեց: Բացի այդ, առաջին երկուսի համեմատ Ամերիկան լուրջ առաւելութիւն ունի: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս տեսակէտը, սպասելի՞ էր, որ երրորդ անգամ էլ չի պահպանուի հրադադարի պայմանաւորուածութիւնը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Հաշուի առնելով առաջին պատերազմի փորձը` նկատի ունեմ 1991-1994 թթ., այն ժամանակ էլ նման միջնորդութիւն եղաւ` հրադադար հաստատելու, բայց, ցաւօք սրտի, ամէն անգամ պայմանաւորուածութիւնը խախտւում էր. Ազրպէյճանը որոշակի ակնկալիքներ ունէր, որ ռազմաճակատում յաջողութիւններ կը գրանցի, որպէսզի հետագայում թելադրողի դիրքերից բանակցութիւններին մասնակցի: Այս անգամ էլ, ինձ թւում է, նոյն բեմագրութիւնն է: Որքան էլ ցաւալի է, բայց ես նախապէս մեր զրոյցներում կանխատեսում էի, որ երրորդ պայմանաւորուածութիւնն էլ չի պահպանուի, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ հարկաւոր է ուժի դիրքերից խօսել Ազրպէյճանի հետ թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմական հարթակներում: Խնդիրն այն է, որ դիւանագիտութիւնն ունի իր չերեւացող կողմը, եւ միայն յայտարարութիւնները բաւարար չեն, գուցէ նրանք ա՞յլ խօսակցութիւններ ունեն միւս կողմի հետ, եւ յայտարարութիւններից չենք կարող ասել` դրանք անկե՞ղծ են, թէ՞ ոչ: Վերջին տարիները ցոյց են տուել, որ այդ երկիրը կարող է նման բան անել, եթէ անկեղծ է, եթէ ուզում է: Գիտէք` Միացեալ Նահանգներն այն երկիրն է, որի մասին չի կարելի ասել, թէ խօսքը ջուրն է նետում: Դրա համար եմ ասում` մենք չգիտենք, թէ ի՛նչ պայմանաւորուածութիւններ կան նոյն Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ: Հիմա, Միացեալ Նահանգների ապագայ իշխանութիւնները կը գնա՞ն նման քայլերի, թէ՞ ոչ, դժուար է ասել, բայց  փաստն այն է, որ այսօր միջնորդական առաքելութիւնները լիարժէք չեն իրականացւում:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Հիմա, երբ, ինչպէս դուք ասացիք, միջնորդները չեն կարողանում կամ չեն ուզում իրենց առաքելութիւնը կատարել, ի՞նչ զարգացումներ կարող են յաջորդել, ո՞րն է մեր անելիքը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Ի հարկէ պէտք է շարունակել բանակցութիւնները, պարտադիր չէ հանրութեանը մանրակրկիտ ներկայացնել, թէ ի՛նչ է արւում, բայց պէտք է աւելի աշխուժ աշխատանքներ տարուեն: Սրան զուգահեռ, ռազմաճակատում էլ պէտք է ուժեղացնել մեր դիրքերը, հակառակորդը պէտք է հասկանայ, թէ ի՛նչ ժողովրդի հետ գործ ունի: Հարաւում արձանագրելով յաջողութիւններ` նկատելի դարձաւ, թէ ինչ հռետորաբանութեամբ է խօսում Ալիեւը, որ ոչ մի պայման չի քննարկելու եւ այլն, բայց ռազմաճակատի այլ հատուածում մեր աշխուժութիւնը նրան ստիպեց խօսել բանակցութիւնների սեղանի շուրջ վերադառնալու եւ այլնի մասին: Ուզում եմ ասել, որ պէտք է թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմական ճակատում զուգորդուած աշխատանքներ տանել:

Մենք չենք կարող ասել, որ միջնորդներն անելիք չունեն: Եթէ չխօսեն խնդրի մասին, պատերազմն աւելի կը սաստկանայ: Մենք պէտք է աշխուժացնենք մեր շփումները յատկապէս Ռուսաստանի հետ, որովհետեւ դա մի երկիր է, որի հետ մենք որոշակի ճանապարհ ենք անցել: Հայութիւնը 350 տարուայ պատմութիւն ունի Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, եւ կարծում եմ, որ դա ակնթարթ չէ եւ պէտք է շարունակութիւն ունենայ:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում Ռուսաստանի գործօնի աշխուժացումը: Մեր իշխանութիւնները վստահեցնում են, որ շատ լաւ յարաբերութիւններ ունեն Ռուսաստանի հետ, ինչ պէտք է, արւում է, օրերս էլ Արայիկ Յարութիւնեանը նամակով դիմեց Փութինին:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Գիտէք` որոշակի տեղեկատուութիւն տիրապետողը հասկանում է, որ նման անհրաժեշտութիւն կայ (նկատի ունի բաց նամակը` (Լ. Շ.): Հազար ու մի հարց կայ` խաղաղութեան, մեր պետականութեան, պատասխանատուութեան, մեր երեխաների կեանքի, եւ չէր կարելի քննադատել, թէ ինչո՛ւ դիմեց:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Լա՛ւ, իսկ դուք ի՞նչ էք ակնկալում ռուսական կողմից, ի՞նչ չեն անում:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.-  Այո՛, որոշակի բաներ արւում են, կան դրական տեղաշարժեր:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.- Այսինքն կարծում էք` կարող են աւելին անել, չե՞ն անում, ինչո՞ւ:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.-  Կան հարցեր, որոնք  հանրային քննարկման առարկայ դարձնելը նպատակայարմար չէ, որովհետեւ դրանից աւելի շատ վնաս կարող ենք կրել: Այնպէս որ, եկէք` չխորանանք նման խնդիրների մէջ:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինը «Վալտայ» ակումբում ԼՂ հակամարտութեան մասին աղմկայարոյց յայտարարութիւններ արեց, օրինակ, «նման իրավիճակը, որի պարագայում Ազրպէյճանի տարածքների զգալի մասը կորսուած է, չի կարող յարատեւ լինել»: Խօսեց ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որն ընդունելի համարեց նաեւ մեր վարչապետը: Որքանո՞վ են այս յայտարարութիւններն ընդունելի Արցախի համար:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.-  Ինքը միայն դա չասաց, ասաց, որ սա էթնիկ (ցեղային-խմբ.)  հիմքի վրայ առճակատում է, հայերի նկատմամբ ոճրագործութիւնները, որ կատարուեցին Սումկայիթում, ապա` նաեւ Ղարաբաղում: Սա յստակ պատգամ է Ազրպէյճանին, որ այդ երկիրն իրականացնում է ցեղային զտումների քաղաքականութիւն: Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի այդ խօսքը Ազրպէյճանին նախազգուշացնող հանգամանք ունի իր մէջ` այն առումով, որ անընդհատ յարձակողական պահուածքը, դրա մէջ ներգրաւելով նաեւ վարձկան ահաբեկիչներին, այսօր նաեւ աշխուժօրէն գործում է Հիւսիսային Կովկասում եւ մտահոգում է Ռուսաստանին: Սա թոյլ է տալիս մեզ ասելու, որ Ռուսաստանի կողմից որոշակի քայլեր հաստատ կը ձեռնարկուեն, թէ ե՞րբ` ես չեմ կարող ասել:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ.-  Գուցէ այդ որոշակի քայլը` առաջինը լինի Արցախում խաղաղապահների տեղակայումը:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.- Չեմ կարող ասել` այդ քայլը կը լինի խաղաղապահների՞ տեսքով թէ՞ այլ կերպ, բայց որ պէտք է քայլեր արուեն, ես դրանում չեմ կասկածում:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀՎԵՐԴԱԵՆ.- Իսկ գուցէ Ռուսաստանն առաջարկում է «տարածքներ, խաղաղութիւն, խաղաղապահների տեղակայում» ձեւաչափը, եւ դա մեր իշխանութիւնների համար ընդունելի չէ:

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԵԱՆ.-  Բայց ինքն էլ մի քանի անգամ խօսեց, որ հարցը պէտք է լուծուի 3 սկզբունքների հիման վրայ` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի: 3 սկզբունքներն իրար հետ պէտք է խօսեն, եւ ինչ որ որոշում կայացնեն: Թէ դա ինչ ձեւով է լինելու, չեմ կարող այս պահին ասել, բայց որ պէտք է մի տեղից սկսել խօսել, սա անհրաժեշտութիւն է` անկախ նրանից, թէ ի՛նչ ելակէտ է լինելու: Փաստն այն է, որ եթէ կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ, միջնորդների աշխուժ մասնակցութեան պարագայում կարելի է մի բանի հասնել, մի լուծման, որը թոյլ կը տայ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութիւն պահպանել:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 847

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>