ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ
Արցախում ազատագրուած հայրենիքի տարածքները նաեւ նրա համար էին, որ տեղի բնակչութիւնը կարողանար իր ֆինանսական, տնտեսական հարցերը հոգալ` Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագիր Արա Պուլուզեանը:
Նա ապրում է Ստեփանակերտում եւ վերջին պատերազմի ցաւը թարմ է` որդին 40 օրից աւելի է անհետ կորած է:
Պուլուզեանը տեսել է նկարները, թէ ինչպէ՛ս է հայը շնորհակալութիւն յայտնում թուրք զինուորին, որ թոյլ է տալիս իր տան ապրանքը դուրս բերել: Մտածում է` ընդամէնը մէկ տարի առաջ այդ նոյն հայը կ՛ասէր` սա ի՛մ հողն է, այստեղ ապրել եմ, ստեղծագործել եմ, իրաւունք ունեմ այստեղ ապրելու, որովհետեւ այն կողքը Տիգրանակերտն է, Տիգրանակերտը հայկական է եղել, մինչդեռ այսօր այս հոգեվիճակը փոխուած է:
«Հիմա այդ մթնոլորտը պիտի կոտրել, չի կարելի այսպէս: Այսինքն, եթէ ես շնորհակալութիւն եմ յայտնում թուրքին, որ թոյլ է տալիս… ես այլեւս չեմ կարող մտածել, որ իմ երեխան մի օր պիտի գնայ այնտեղ` իմ հայրենի հողում պիտի ապրի», ասաց նա:
Արա Պուլուզեանի կարծիքով, 70 տարի յետոյ մենք հէնց դա՛ էինք կարողացել անել, ազատագրական պայքարը մեր մէջ որպէս գաղափարական հիմք էր հանդիսացել եւ կարողացել էինք դա յաղթանակի հասցնել, եւ հիմա պէտք չէ դրանից հրաժարուենք: Նա կարեւոր է համարում, որ այս պարտութիւնը չլինի լրիւ յուսահատութիւն եւ վերջ:
Ինչո՞վ պիտի ապրի արցախցին` հարցը եւս առաջնահերթութիւն է դարձել եւ պէտք է տնտեսութիւնը շարժման մէջ դնելու լուծումներ մտածուեն:
Բանն այն է, որ Խորհրդային Միութեան ժամանակ Արցախում գործել են պայմանական 10 մեծ գործարաններ, եղել է Խորհրդային Միութեան հետ կապի երկաթգծի կայարան Ստեփանակերտի մօտ եւ այդ գործարանների արտադրանքը լրիւ ցրուել է Խորհրդային Միութիւնում, պայմանական այդ 10 գործարաններից ամէն մէկն ունեցել է պայմանական 3000 աշխատող, նաեւ մօտիկ գիւղերից են եկել Ստեփանակերտ` աշխատելու:
Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ այդ գործարաններն այլեւս չեն աշխատել եւ մեր հայրենիքի տարածքների ազատագրումը դարձել է արցախցու տնտեսական հարցերը հոգալու հնարաւորութիւն:
«Արցախցին օգտւում էր այդ տարածքների բնական հարստութիւնից` այգի էր հիմնում, արօտավայրերից էր օգտւում, հանքերից էր օգտւում եւ տնտեսութիւն էր ստեղծում: Հիմա որ չունենք, նաեւ դրանք էլ չկան, ժողովուրդն ինչո՞վ պիտի ապրի», հարցադրում է անում Արա Պուլուզեանը:
Նա ինքը թէեւ ապրում է Ստեփանակերտում, բայց ունէր այգի, այգին նուռ էր տալիս, հիմա դա չկայ, Աղտամի շրջանի հետ յանձնուել է թուրքերին:
Ազատագրուած տարածքների օգտագործումը պտտեցնում էր Արցախի տնտեսութեան անիւը` ինքն իր եկամուտը ծախսում էր խանութում, խանութը հարկեր էր տալիս, եւ դա անընդհատ պտտւում էր:
«Հիմա դա չկայ: Եւ սրա մասին Հայաստանի, Արցախի իշխանութիւնները պէտք է մտածեն, առաջադրանքներ տան իշխանութիւններին եւ այդ տնտեսութիւնը աշխուժացնելու միտումներ մտածուեն», ասաց Արա Պուլուզեանը:
Նա գիտակցում է, որ հարեւանների հետ, յամենայն դէպս, պէտք է ապրել, իսկ դրա համար պէտք է ճիշդ հիմունքների վրայ դրուի երկկողմ յարաբերութիւնները:
«Հայաստանի հիմիկուայ իշխանութիւնների եւ Արցախի իշխանութիւնների այս պարտուողական կեցուածքով մենք չենք կարողանայ դա անելէ, մտահոգութիւն ունի Արա Պուլուզեանը:
Նա կարեւոր է համարում վերականգնել այն մթնոլորտը, որն ստեղծուել էր սփիւռք, Հայաստան, Արցախ եռամիասնութիւնը, մի գաղափարական փարոս էր դարձել, եւ ժողովուրդն այդ ուղղութեամբ գնում էր:
«Համահայկական հիմնադրամ էր` Արցախի անունով էր փող հաւաքում ամբողջ աշխարհում, համահայկական խաղեր էր` բոլորն Արցախում էին գալիս համախմբւում, այդ համախմբուածութեան կէտն էր, մարդիկ մայիսի 9-ին հաւաքւում էին Արցախում, որ մասնակցեն Շուշիի ազատագրման տօնին: Հիմա դա չկայ, հիմա ի՞նչ պիտի լինի, մենք ինչո՞վ պիտի սերունդին սնուցենք: Գաղափարական հենքը, նախ եւ առաջ, պէտք է նորոգենք», ասաց Արա Պուլուզեանը: