Հարցազրոյցը` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ
«Ապառաժ»-ը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանի հետ զրուցել է դեռեւս մշակման փուլում գտնուող ՀՅԴ նախընտրական ծրագրային հիմնական դրոյթների, արդէն կատարուած աշխատանքների եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին ՀՅԴ պատկերացումների շուրջ:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ շեշտադրումներ ունի ՀՅԴ նախընտրական ծրագիրը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մեր ծրագրի մէջ ամփոփուած են լինելու խնդիրների լուծման մեր մօտեցումները: Ի հարկէ բոլոր ասպարէզներն էլ կարեւոր են, բայց առաջին հերթին մենք շեշտադրել ենք Արցախի արտաքին քաղաքականութեան, բանակի եւ անվտանգութեան հետ կապուած հարցերը: Առ այս պահը թէ՛ ՀՀ եւ թէ՛ ԱՀ իշխանութիւնների, քաղաքական ուժերի մօտ չկայ արցախեան հիմնահարցի հետ կապուած յստակեցուած մօտեցում: Ըստ այդմ էլ, տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ փորձում են իրենց հայեցակէտը ներկայացնել:
Մեր ծրագրի հիմնական կէտերից մէկն այն է, որ պէտք է մշակել արցախեան հիմնահարցի հետ կապուած մէկ միասնական հայեցակէտ, որպէսզի դրա շուրջ ծաւալուի համայն հայութեան ներուժը, եւ հասնենք մեր հիմնական նպատակին: Արցախեան հիմնահարցը պէտք է լուծուի Արցախի տարածքային ամբողջականութեան շրջանակում: Դա հնարաւորութիւն կը տայ տարածաշրջանում աւելի կայուն խաղաղութիւն պահպանել: Ելնելով սահմանադրութեան պահանջներից` մենք կատարել ենք այդ շեշտադրումը:
Այսօր հրատապ անհրաժեշտութիւն է ՀՀ եւ ԱՀ միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը, որի մասին Դաշնակցութիւնն անընդհատ խօսել է, եւ մեր ծրագրի մէջ դա նոյնպէս իր արտացոլումն է ստանալու:
Մենք գտնում ենք, որ միայն մեր բանակի հզօրութեան միջոցով կարող ենք լուծել ե՛ւ Արցախի, ե՛ւ անվտանգութեան հետ կապուած հարցերը: Ազգ-բանակ հասկացութիւնը եւ դրա շուրջ ծաւալուող գաղափարները պէտք է համախմբուեն եւ դառնան մի ամուր հիմնաքար, որը հնարաւորութիւն կը տայ ամբողջ Արցախը դարձնել մի ամրակուռ ամրոց, վահան, անխոցելի բերդ, եւ ըստ այդմ էլ հնարաւորութիւն կ՛ունենանք ժողովրդի անվտանգութիւնն ապահովել: Դրանից բխում են բանակի հետ կապուած բարեփոխումները, սպայական անձնակազմի ընկերային հարցերի, բնակարանային ապահովութեան հարցերի լուծումը, արտօնութիւնների ընդլայնումը:
Բանակի հզօրացման համար անչափ կարեւոր է արհեստավարժ կամաւոր զինուորական շրջանակի ընդլայնումը: Սպան պէտք է դառնայ հասարակութեան սերուցքը, երիտասարդի համար սպայ դառնալը պէտք է երազանք լինի:
Մեզ համար կարեւոր ոլորտ է կրթութիւնն ու գիտութիւնը: Գտնում ենք, որ սա նոյնպէս անվտանգութեան հետ կապուած հարց է: Այսօրուայ աշխարհի զարգացման ուժականութեան քննութիւնը թոյլ է տալիս ենթադրելու, որ առանց կրթեալ սերունդ ունենալու` անհնար է ունենալ ուժեղ, ամուր պետութիւն, զարգացող տնտեսութիւն, մշակոյթ: Կրթութեան ամբողջ ասպարէզը պէտք է արմատական բարեփոխման ենթարկել` սկսած նախադպրոցական հաստատութիւններից մինչեւ հիմնական, բուհական կրթութիւն, այնուհետեւ նաեւ` ասպիրանտական կրթութիւն: Չորս մասից բաղկացած այս շղթան պէտք է լրիւութեամբ բարեփոխել: Դրա շրջանակներում պէտք է լուծումներ տրուեն ուսուցիչների կրթական մակարդակի, ուսուցիչների, դասախօսների աշխատավարձի բարձրացման, ընկերային հիմնախնդիրներին վերաբերող հարցերին: Հասարակութեան մէջ ուսուցիչը, դասախօսը` գիտելիք հաղորդող մարդիկ պէտք է նիւթապէս բաւարարուած լինեն, որպէսզի իրենց ուժը, ամբողջ կարողութիւնը նպատակաուղղեն իրենց առջեւ դրուած խնդրի լուծմանը:
Այս ասպարէզում շատ մեծ ուշադրութիւն պէտք է դարձնենք արհեստագործական կրթական համակարգի կատարելագործմանը, որովհետեւ տեսանելի է, որ վերջին տարիներին զրկուել ենք որակեալ մասնագէտներից:
Մենք պէտք է լուծենք նաեւ կրթութեան համաչափ զարգացման խնդիրը, ամենածայրամասային գիւղում ապրող երեխայի ստացած գիտելիքները պէտք է համարժէք լինեն մայրաքաղաքում ուսանող աշակերտի ստացած գիտելիքներին: Այնտեղ էլ պէտք է որակեալ մասնագէտներ աշխատեն:
Հ.- Արդեօ՞ք ծրագրով նախատեսում էք սահմանադրական փոփոխութիւններ:
Պ.- Նոր սահմանադրութիւն ընդունելու անհրաժեշտութիւն ունենք: 2017թ. ընդունուած սահմանադրութիւնը հապշտապ է ընդունուել եւ շատ հանգամանքներ հաշուի չեն առնուել: Այս սահմանադրութիւնը մեզ աւելի է հեռացնում Միացեալ Հայաստանի գաղափարից: Այսօր շատ ուժեր են խօսում Դաշնակցութեան այս գաղափարի մասին:
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը եւ նրա զարգացումը հանգրուանային կէտ է Միացեալ Հայաստանի կերտման ճանապարհին: Բայց մեր վերջնական նպատակը պապենական հողերի ազատագրումն է` միացեալ երկիր ստեղծելով: Շատերի համար դա երազային կարող է թուալ, բայց դա շօշափելի է, որը մեր ժողովուրդն ապացուցել է նաեւ արցախեան ազատամարտի տարիներին:
Հ.- Նախորդ նախընտրական ծրագրից ինչո՞վ է տարբերւում նոր ծրագիրը, ի՞նչ կէտեր է յաջողուել իրագործել նախորդ` 2015թ. նախընտրական ծրագրից:
Պ.- Ամենակարեւորը 100%-ոց համամասնական ընտրական համակարգն է, որը նորութիւն է եւ ընդգրկուած էր ՀՅԴ 2015թ. նախընտրական ծրագրում:
Յաջորդ կարեւոր կէտը վերաբերում է ամբողջ Արցախը վերաբնակեցման գօտի դարձնելուն: Մենք հասել ենք նրան, որ այսօր արդէն կառավարութեան նման որոշում գոյութիւն ունի, պիւտճէում էլ նման կէտ է նախատեսուած: Ամբողջ Արցախի տարածքը, բացի Ստեփանակերտից, համարւում է վերաբնակեցման գօտի, եւ օգտուելու են այն արտօնութիւններից, որից օգտւում էին վերաբնակեցման շրջանների բնակիչները: Սա անչափ կարեւոր է հէնց երկրի համաչափ զարգացումն ապահովելու տեսանկիւնից:
Մեր ծրագրի առանձնայատկութիւններից է այն, որ վերաբնակեցմանը եւ ժողովրդագրական գործընթացների զարգացմանը մեծ տեղ է յատկացուել: Տարածքում պէտք է մարդ ապրի: Արցախում պէտք է բնակչութեան թուաքանակը կտրուկ փոփոխութիւնների ենթարկել: Մենք առաջարկում ենք «երրորդ երեխայ ծրագիր», որով արտօնութիւններ պէտք է սահմանուեն ընտանիքներում ծնուած երրորդ երեխայի համար: Այս ծրագիրը հնարաւորութիւն կը տայ օգնել երրորդ երեխաների ընկերային, կրթութեան հետ կապուած հարցերի լուծմանը:
Կը ցանկանայի առանձնացնել նաեւ 2015թ. գիւղատնտեսութեան ոլորտում, համագործակցական տնտեսութիւնների հետ կապուած, մեր ներկայացրած ծրագիրը: Նախորդ 5 տարիների ընթացքում բաւականաչափ աշխատանք ենք կատարել այդ ուղղութեամբ եւ բաւականին յաջողութիւններ ունենք: Մեր խմբակցութեան երկու պատգամաւորների ջանքերով ներկայացուեց, եւ Ազգային ժողովն ընդունեց համագործակցականի մասին օրէնք: Օրէնքով տրւում են գիւղի, գիւղատնտեսութեան զարգացման հետ կապուած բոլոր հարցերի պատասխանները: Մենք իշխանութիւնների հետ համաձայնութիւն ունենք եւ արդէն մի քանի տեղ նման օճախներ ստեղծուել են: Այս տարուայ պիւտճէում արտացոլուել է, որ նման համագործակցականներ ստեղծողները կ՛օգտուեն անտոկոս վարկերից: Սրանք առաջին քայլերն են, որ պէտք է անցնենք գիւղատնտեսութեան համագործակցականների ստեղծման ճանապարհին: Բայց մենք բաւարար չենք համարում դա եւ մեր ծրագրում աւելի հասցէական շեշտել ենք, որ այս ուղղութեամբ պէտք է աւելի գործնական քայլեր ձեռնարկուեն: Ժողովրդի կողմից մեր ծրագրի հաւանութեան արժանանալու պարագայում մենք դա անպայման կ՛իրագործենք, եւ քաղաքացին կը տեսնի գիւղի եւ գիւղատնտեսութեան զարգացման շօշափելի արդիւնքները: