«Արմէնփրես»-ի Հարցազրոյցը` Կեանքը
Օդանաւորդութեան Նուիրած Հայ Օդաչուի Հետ
Վարեց` ԼԻԼԻԹ ԴԵՄՈՒՐԵԱՆ
Քչախօս, բարի, վստահութիւն ներշնչող օդաչու Էդուարդ Կարապետեանն արդէն 35 տարի «օդում է» եւ պատրաստւում է եւս 10 տարի ծառայել հայկական օդանաւորդութեան: Էդուարդ Կարապետեանն անկեղծանում է` առհասարակ շատ քիչ է խօսում եւ երբեք հարցազրոյցներ չի տալիս, սակայն «Արմէնփրես»-ի հետ զրոյցում համաձայնում է պատմել իր անցած ուղու եւ ընտանիքի մասին: Օդաչուն հարցազրոյցից ընդամէնը կէս ժամ առաջ էր վայրէջք կատարել. ուղեւորներին բարեյաջող Երեւան էր հասցրել Վորոնեժից: Մենք անմիջապէս գնացինք դէպի ինքնաթիռ, որտեղ մեզ թոյլատրել էին լինել նաեւ օդաչուների սրահում: «Օդում եղել եմ գրեթէ 23 հազար ժամ, սակայն մինչեւ այսօր էլ վախեր ունենում եմ թռիչքից առաջ», ահա այսպէս բնութագրեց Էդուարդ Կարապետեանն իր աշխատանքի` շատերի համար ոչ տեսանելի ու յուզական մասը:
«Ծնուել եմ օդաչուի ընտանիքում, հայրս օդակայանում օդաչու-պորտ (խորհուրդ-Խմբ.) ճարտարագէտ է եղել, մայրս էլ սլաքավար է եղել: Հայրս մօտ 30 տարի աշխատել է այս ոլորտում: Մեծ եղբայրս էլ է օդաչու, ինձնից երեք տարի առաջ է սկսել աշխատել: 1983 թուականից Ուքրանիայի Քրիմինչուք քաղաքում սովորել եմ ուղղաթիռների ուսումնարանում եւ աւարտել եմ 1986 թուականին: Այդ տարուանից սկսել եմ աշխատել հայկական օդանաւորդութեան ոլորտում` որպէս ուղղաթիռի օդաչու», ասաց Կարապետեանը:
Եղբօր մասին Էդուարդ Կարապետեանն առանձնակի հպարտութեամբ է խօսում. եղել է նաեւ իր ուսուցիչը: «Ինքնաթիռի հարցում իմ ուսուցիչը եղել է եղբայրս` Ալբերտը: Նրա հետ աշխատել եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններում, Աֆղանստանում, Իրաքում, Ղազախստանում եւ այժմ էլ` Հայաստանում: Աբոն մինչեւ հիմա էլ իմ ուսուցիչն է», ասաց օդաչուն եւ յաւելեց, որ միայն ուղղաթիռ վարելն է առանց եղբօր սովորել:
Օդաչու դառնալուց 2 տարի անց` 1988 թուականի դեկտեմբերի 7-ին եղաւ Սպիտակի աւերիչ երկրաշարժը: «Այդ ժամանակ օգնութիւն էինք տանում Շիրակի եւ Լոռու մարզեր: Դեռ երկրաշարժից ուշքի չեկած` 1990-ականներին էլ սկսուեց արցախեան ազատամարտը: Կապ էինք պահում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքների հետ: Այդ ժամանակ մասնակցել ենք ե՛ւ մարտական գործողութիւններին, ե՛ւ վիրաւորներին ենք հասցրել հիւանդանոցներ, ինչպէս նաեւ զէնք ու զինամթերք ենք տեղափոխել: Ծանր օրեր էին, բայց վախ չեմ զգացել, այն ժամանակ մօտ 20 տարեկան էի, եւ աւելի շատ հայրենասիրութիւնն էր խօսում իմ մէջ: Այսօր աշխատում եմ շատ չյիշել այդ տարիները, քանի որ ընկերներ եմ կորցրել, շատ բարդութիւնների ու դժուարութիւնների միջով եմ անցել», շեշտեց Էդուարդը:
Պատերազմի աւարտից յետոյ նա որոշում է կայացրել դառնալ ինքնաթիռի օդաչու: «Ինձ համար այդ անցումը հեշտ է եղել, քանի որ ուղղաթիռը կառավարելն աւելի դժուար է: Աշխատել եմ Երեւանի «Էրեբունի» օդակայանում, եւ առաջին թռիչքս եղել է «ԵԱՔ-40» ինքնաթիռով: Աւելի քան երկու տարի անց սկսել եմ «ԱՆ-24» ինքնաթիռը կառավարել եւ այդ ժամանակ արդէն աշխատում էի Ափրիկէյի տարածքում, որտեղ ուղեւորներին մի քաղաքից մէկ այլ քաղաք էինք տեղափոխում, քանի որ խիտ անտառներ էին հիմնականում եւ ճանապարհներ չկային: Այնտեղ ապրել եմ 4 տարի: 1996 թուականից տեղափոխուել եմ «ԱՆ-12» բեռնատար օդանաւ, որով թռել եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններից դէպի Աֆղանստան եւ Իրաք», նշեց օդաչուն եւ յաւելեց, որ այնտեղ իրենք օգնել են բնակչութեանը, զէնք ու զինամթերք, զինուորական հագուստ են տեղափոխել:
Այդ տարիներին եղել է Աֆղանստանի եւ Իրաքի գրեթէ բոլոր քաղաքներում: Պատերազմի աւարտից յետոյ նա վերադարձել է Հայաստան:
«ԱՄԷ-ից, երբ վերադարձայ Հայաստան, աշխատեցի «Արմաւիա» օդանաւային ընկերութիւնում, որն ամիսներ անց սնանկացաւ եւ ստացուեց այնպէս, որ աշխատանք չկար: Այս օդանաւային ընկերութիւնում աշխատանքի 6-7 ամսուայ ընթացքում քանատական «CRJ-200» ինքնաթիռով վերապատրաստում եմ անցել որպէս հրամանատար: 2011 թուականին տեղափոխուել եմ Ղազախստանում ապրելու, որտեղ աշխատել եմ մօտ 7 տարի: Այնտեղ վարել եմ քանատական «CRJ-200» ինքնաթիռը: 2018 թուականի փետրուարին վերադարձել եմ Հայաստան: Այժմ աշխատում եմ «Արմենիա» օդանաւային ընկերութիւնում, որտեղ վերապատրաստում եմ անցել «Պոյինկ-737» ինքնաթիռով: Մօտ 20 տարի օտար ափերում լինելուց յետոյ վերադարձայ տուն», ասաց Էդուարդը:
Երեխաների մասին Էդուարդ Կարապետեանն առանձնայատուկ ջերմութեամբ սկսեց պատմել, յատկապէս աղջկայ` Շուշանիկի մասին: «Ամուսնացել եմ 1994 թուականին, մէկ տարի անց` 1995 թուականին, ծնուել է տղաս` Ռուբէնը, ում կոչել եմ հօրս պատուին: 1998 թուականին ծնուել է աղջիկս` Շուշանիկը, ով իմ կեանքի կէսն է», ասաց Էդուարդն ու խոստովանեց, որ ո՛չ աղջկայ, ո՛չ էլ տղայի ծնուելու ժամանակ Հայաստանում չի եղել:
Երեխաներն այժմ աշխատում են օդանաւորդութեան ոլորտում, Ռուբէնը` սլաքավար է: Նա Ռուսաստանի Դաշնութեան Ուլեանովսկ քաղաքում 2 տարի օդաչուական ուսումնարանում է սովորել, ինչից յետոյ եկել եւ ծառայել է հայկական բանակում: Ծառայութիւնից յետոյ էլ` մինչեւ այսօր, ցանկանում է դառնալ օդաչու, սակայն Հայաստանում ուսումնական հաստատութիւնում սովորել է սլաքավարի հմտութիւններ եւ այժմ աշխատում է «Զուարթնոց» միջազգային օդակայանում: «Արմենիա» օդանաւային ընկերութիւնում Շուշանիկն աշխատում է որպէս DCS (Departure control system) բաժնի մասնագէտ: Երկուսն էլ օդանաւորդութեան ոլորտում են եւ շարունակում են ընտանեկան աւանդոյթները:
Դուստրը` Շուշանիկը, ով հարցազրոյցի ժամանակ նստած էր հօր կողքին, պատմեց, որ մինչեւ մօտ 2 տարեկան չի հասկացել, թէ ով է ժամանակ առ ժամանակ գալիս իրենց տուն: «Փոքր էի ու, երբ հայրս գալիս էր տուն, չէի հասկանում, թէ ո՛վ է նա ու ինչո՛ւ պէտք է «այդ տղամարդը» մեր տանը մնայ: Երկար ժամանակ պահանջուեց, մինչեւ սկսեցի ընտելանալ եւ հասկանալ, որ նա մեր հայրն է, եւ սովորել էի, որ պէտք է ամէն գալուց մեզ համար քաղցրաւենիք բերի», յիշեց Շուշանիկը:
«Սնահաւատ չեմ եւ չեմ կարծում, թէ օդաչուն պէտք է այդպիսին լինի: Ինքնաթիռի շարժիչը գործի գցելուց յետոյ ամէն թռիչքից առաջ ասում ենք` «Աստուած մեզ հետ» եւ թռնում: Մենք Աստծուն մօտ ենք լինում, ու մեր ձայնը շուտ է հասնում նրան», կատակեց Էդուարդը:
Նա պատմում էր, որ շատ բարդ թռիչքներ են եղել իր ասպարէզի ընթացքում, շարժիչն է խափանուել, բայց, բարեբախտաբար, ամէն ինչ բարեյաջող է աւարտուել: «Ի հարկէ բարդ դէպքեր եղել են, էլ ինչ օդաչու, որ 30 եւ աւելի տարի աշխատի եւ ոչ մի խնդրի առաջ չկանգնի», պատմեց քչախօս օդաչուն եւ ասաց, որ չի ցանկանում շատ բան պատմել, պարզապէս ուզում է, որ բոլոր օդաչուները միշտ բարեյաջող վայրէջք կատարեն: Էդուարդը վստահ է` յաջողակ է եւ անդառնալի դէպքեր իր հետ չեն պատահել:
«Որքան առողջութիւնս թոյլ տայ, պատրաստւում եմ լինել օդում, եւ մինչեւ թոշակ ստանալս դեռեւս 10 տարի կայ. հնարաւոր է հէնց այդքան էլ աշխատեմ: Ընտանիքիս անդամներն էլ «չեն թողնում» թոշակի գնամ», անկեղծանում է Էդուարդը:
Լուսանկարները` ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿԵԱՆի