ԹԱՄԱՐԱ ՅԱԿՈԲԵԱՆ
«Ահաբեկչական անցեալով յայտնի կառոյց» Դաշնակցութեանը բնութագրել են միայն թուրքերն ու ազրպէյճանցիները: «Ֆաքթոր»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ-ի անդամ Բագրատ Եսայեանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելոյթում Դաշնակցութեանն այդպէս էր բնութագրել պատգամաւոր Արման Բաբաջանեանը` նշելով. «Նորանկախ Հայաստանի պատմութեան առաջին փուլում իր ահաբեկչական անցեալով յայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետութեան դէմ»:
«Ես ի հարկէ, տխուր եմ, որ հայ ժողովրդի մէջ կայ նման անձ, որը նման որակաւորումներ տալով` իրեն նոյնացնում է այդ ժողովրդական ընդհանրութիւնների` ազրպէյճանցիների եւ թուրքերի հետ: Ուրիշ որեւէ մէկը Դաշնակցութեանը չի կարող ահաբեկչական կառոյց բնութագրել»,- ասաց Բագրատ Եսայեանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ ուսանողական միութեան անդամների հրապարակած նամակին եւ դրանում նշուած` պարտիզանական պայքարի ծրագրերին, դաշնակցական գործիչն ասաց` «պարտիզանական պայքար» եզրը վերցուած է անստորագիր մի գրութիւնից, որը կարող է մեկնաբանել միայն այդ գրութիւնը ստեղծող որեւէ մէկը կամ ստեղծմանը գաղափարակից որեւէ մէկը. «Ես չեմ պատրաստւում այդ գրութեան որեւէ բառ մեկնաբանել»:
Բագրատ Եսայեանը հաստատեց, որ աղմուկի պատճառ դարձած երիտասարդներն արտաքսուել են ՀՅԴ-ից: Նա, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց արդէն նախկին դաշնակցական երիտասարդների հրապարակած փաստաթղթի առկայութիւնը: «Անստորագիր մի գրութիւն է, որի վերեւում ընդամէնը կայ` «սիրելի՛ ընկեր»: Շատ հեշտութեամբ այն կարող էին ստեղծել, եւ մանաւանդ շահագրգիռները կան, այսօրուայ իշխանութեանը ծառայող բազմաթիւ ֆեյքեր կամ քարոզչական կենտրոններ: Անստորագիր որեւէ փաստաթուղթ ես չեմ կարող մեկնաբանել, առաւել եւս` լեգիտիմացնել` այն բնութագրելով որպէս փաստաթուղթ: Ինձ համար ցաւալի է նաեւ, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը»,- նշեց Եսայեանը:
Արման Բաբաջանեանն իր ելոյթում խօսել էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի մասին` յայտարարելով. «Մենք շատ լաւ գիտենք` այդ ժողովը վարած Հրանտ Մարգարեանն ինչով էր զբաղուած 90-ականների սկզբին, երբ թմրանիւթ էր տեղափոխում, եւ այդ գործողութիւնները ղեկավարում էր Դաւիթ Շահնազարեանը, որը հիմա միացել է այդ նոյն խմբակին: Եւ չպէտք է մոռանանք, թէ «Դրօ» կառոյցը, «31-ի գործը» ինչի մասին էին, եւ թէ Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունէին այդ ուժի հետ»:
Բագրատ Եսայեանն ասաց` Արման Բաբաջանեանն «իր ներսում կուտակուած թոյնի հերթական չափաբաժինն է դուրս ցփնել»: «Ես ուզում եմ յիշեցնել, թէ ով է այդ անձը` բանակից կեղծիքներով փախած եւ սեփական մօր դէմ ցուցմունք տուած անձ: Իսկ ինչ վերաբերում է բնութագրումներին, դրանց արմատը, կարծում եմ, դեռեւս Լեւոն Տէր Պետրոսեանի ուղեղում պէտք է փնտռել: Իսկ այն, թէ Հրանտ Մարգարեանը 1990-ականներին ինչով է զբաղուել, բոլորին է յայտնի. նա եղել է ղարաբաղեան ազատագրական պատերազմում պայքարի կազմակերպիչներից մէկը, ազատամարտին Դաշնակցութեան մարտական մասնակցութեան կազմակերպիչը: Մնացած բոլոր բնութագրումները վերցուած են նորից այդ շատ հին` 1990-ականների սկզբի դեռեւս քարոզչական զինանոցից` Լեւոն Տէր Պետրոսեանի եւ նրա ենթակաների»,- ասաց մեր զրուցակիցը:
Թմրանիւթերի շրջանառութեան վերաբերեալ էլ Բագրատ Եսայեանն ասաց` կայ դատավճիռ, որտեղ Հրանտ Մարգարեանի անունը մեղադրուողների ցանկում կայ ընդամէնը մի դրուագով` ապօրինի զէնք կրելու մասով: «Այն ժամանակ` 1994 թուականին, Լեւոն Տէր Պետրոսեանի վարչակարգի օրօք փորձ արուեց Հրանտ Մարգարեանին ներկայացնել թմրանիւթերի շրջանառութեան մեղադրանք, որը իր իսկ դատախազութեան կողմից չընդգրկուեց մեղադրական եզրակացութեան մէջ, առաւել եւս` չդրուեց դատավճռի հիմքում: Ի հարկէ` Հրանտ Մարգարեանն ինքը կ՛որոշի, բայց եթէ ես լինէի Հրանտ Մարգարեանի փոխարէն, միանշանակ այդ արարածին դատի կը տայի եւ պատասխան կը պահանջէի իր ակնյայտ զրպարտութիւնների համար», յայտարարեց ՀՅԴ անդամը: