Quantcast
Channel: Հարցազրոյց – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 847

Դաշնակցութեան Շնորհիւ Է, Որ Այսօր Արցախն Ունի Ձեւաւորուած Եւ Զինուած Պաշտպանութիւն

$
0
0

ՀՅԴ Արցախի մեր պաշտօնաթերթը` «Ապառաժ»-ը հետեւեալ հարցազրոյցը կատարած է Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերու եւ զբօսաշրջութեան նախարարութեան աշխատակազմի ազգային փոքրամասնութիւններու եւ կրօնի հարցերու բաժնի պետ Աշոտ Սարգսեանին հետ` իբրեւ նիւթ ունենալով վերջին շրջանին հասարակական հնչեղութիւն ստացած շարք մը հարցեր:

«ԱՊԱՌԱԺ».- Պարո՛ն Սարգսեան, ՀՀ Ազգային ժողովում եւ հասարակութեան մէջ բուռն բանավէճի թեմա է դարձել օրէնքի նախագիծը, որով առաջարկւում է կաթողիկոսին օրէնքով տրամադրել պետական պաշտպանութիւն, ինչպէս, օրինակ, վարչապետի պարագայում է: Ի՞նչ էք կարծում, արդեօ՞ք Ամենայն Հայոց կաթողիկոսն այդպիսի պաշտպանութեան կարիք ունի:

ԱՇՈՏ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հայաստանի Ա. Հանրապետութեան ժամանակ յստակ ընդգծուած էր, որ պէտք է ընդունուի պետութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւնը կարգաւորող համապատասխան օրէնք: Ընդգծուած էր, որ եկեղեցին պէտք է ներկայացուցչութիւն ունենայ կառավարութիւնում եւ կառավարութեան ներկայացուցիչը պէտք է լինի եկեղեցում: Բացի դրանից` այն ժամանակ նախատեսուած էր, որ հանրապետութեան բարձրագոյն պաշտօնեան եւ վեհափառը պէտք է ունենան նոյն կարգավիճակը, որովհետեւ այն ժամանակուայ կառավարութիւնը քաջ գիտակցում էր, որ ազգին պէտք է առաջնորդեն աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները: Եթէ աշխարհիկ իշխանաւորների ղեկավարը վարչապետն է, ապա հոգեւոր իշխանաւորների ղեկավարը վեհափառն է: Երկուսն էլ պէտք է ունենան նոյն պաշտպանուածութիւնը:

Յունաստանի սահմանադրութեամբ, թէ՛ օրէնսդրական, թէ՛ ֆիզիքական պաշտպանուածութեան տեսանկիւնից նոյն հարթութեան վրայ են հանրապետութեան ղեկավարն ու հոգեւոր առաջնորդը: Նրանց սահմանադրութեամբ յստակ ընդգծուած է, որ երկիրն առաջնորդում են աշխարհիկ եւ հոգեւոր իշխանաւորները: Բայց, ցաւօք սրտի, նոյնիսկ 1995թ. ՀՀ առաջին սահմանադրութեամբ Հայ առաքելական եկեղեցու մասին մի նշում անգամ չկար: Սահմանադրական բարեփոխումներից յետոյ յստակ նշուեց, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ազգային եկեղեցին է, եւ պետութիւն-եկեղեցի փոխյարաբերութիւնը կարգաւորւում է օրէնքով: Այնինչ, նման օրէնքները պէտք է ամրագրուած լինեն սահմանադրութեան մէջ: Հայաստանի Ա. Հանրապետութեան սահմանադրութեան նախագծի մէջ 19 կէտից բաղկացած բաժին կար Հայ առաքելական եկեղեցու մասին, իսկ այսօր 2-3 նախադասութեամբ փորձ է արւում նշել Հայ առաքելական եկեղեցու տեղը եւ դերը հայկական պետականութեան մէջ: Հանրապետութեան նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը պէտք է ունենան նոյն կարգավիճակը եւ նոյն պաշտպանուածութիւնը:

Երեսպաշտութեան նման է հնչում, երբ որոշները պնդում են, որ ժողովրդի կողմից յարգուած, սիրուած անձնաւորութեանը չի կարող վտանգ սպառնալ: Ասում են, որ եթէ քահանան, առաւել եւս` վեհափառը, Աստծոյ կողմից պաշտպանուած է, ապա նրան պաշտպանուածութիւն պէտք չէ: Եթէ այդպէս է, քահանաներն ընդհանրապէս պէտք չէ մահանան, որովհետեւ նրանք Աստծոյ հովանաւորութեան տակ են: Անհեթեթութիւն է ասելը, որ նրանք Աստծոյ խնամքի տակ են եւ ոչ մի բանի կարիք չունեն. վերջին հաշուով, նրանք սրբեր չեն, որ չար ուժերը չմօտենան, այլ սովորական մահկանացու մարդիկ են: Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանում չկան չար ուժերի կողմից ուղղորդուող մարդիկ կամ խելագարներ: 1981թ. Հռոմի պապ Յովհաննէս-Պօղոս Երկրորդի դէմ թուրք Ակչան մահափորձ կատարեց: Բայց չէ՞ որ Հռոմի պապն, ըստ Հռոմի ընդունուած օրէնքի, Աստծոյ փոխանորդն է Երկրի վրայ: Ո՞վ կարող է երաշխաւորել, որ մեր վեհափառի վրայ էլ չեն յարձակուի:

«Ա.».- Նոյեմբերի 15-18 Երեւանում պէտք էր անցկացուէր Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնեաների ֆորումը, որը հետագայում չեղարկուեց` հիմնականում հասարակական ճնշման արդիւնքում: Ի՞նչ էք կարծում, դա կարելի՞ է արդեօք համարել անհանդուրժողականութեան դրսեւորում:

Ա. Ս.- Ցաւալի է, որ շատ, այսպէս կոչուած,  իրաւապաշտպաններ այդ երեւոյթը նշում են` որպէս նահանջ ժողովրդավարութիւնից: Ես չեմ պատկերացնում մի իրաւապաշտպան, ով իր երեխային թոյլ կը տայ այդ կազմակերպութեան անդամ դառնալ: Բայց յանկարծ նրանք պաշտպանում են ԼԳԲՏ գործիչների շահերը: Սա չի՞ նշանակում արդեօք, որ այդ մարդիկ ֆինանսաւորւում են դրսից: Հայաստանում այս պահին գործող այդպիսի կազմակերպութիւնները ներմուծուած են:

Եթէ նրանք հանդէս են գալիս որպէս քրիստոնեաներ, ապա դիտարկենք քրիստոնէական տեսակէտից: Աստծոյ տաս պատուիրաններից առաջին երեքն են` մի շնացիր, մի գողացիր, մի սպաննիր: Փաստօրէն, սպանութեան, գողութեան դէմ քրէական օրէնսգիրքը գործում է, իսկ շնութիւնը թոյլ ենք տալիս, քանի որ քրէական օրէնսգրքից հանուել է:

Բացի դրանից` Աստուածաշնչում ասւում է, որ Աստուած ստեղծեց տղամարդ եւ կին, որ նրանք բազմանան Երկրի երեսին, շատանան: Հայ ազգի հիմնական խնդիրը բազմացումն է: Ցանկացած հայի նպատակը պէտք է լինի բնականոն ընտանիք ստեղծելը եւ բազմազաւակութիւնը խրախուսելը: Իսկ ի՞նչ է կատարւում այսօր Հայաստանում: Գործում են ընտանիքի ծրագրաւորման կենտրոններ: Հայաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ տղաներն աւելի շատ են ծնւում, քան աղջիկները: Դա պատահական ընտրութեամբ չէ, այլ ընտանիքի ծրագրաւորման կենտրոններն այնպէս են անում, որ ամուսնացած զոյգն իրենց ցանկութեամբ ունենում է տղայ կամ աղջիկ: Եթէ այսպէս շարունակուի, Հայաստանում տղամարդիկ աւելի շատ են լինելու, քան կանայք:

Նոյն աղանդաւորները, էքստրասենսները, բախտագուշակները, ԼԳԲՏ-ն` դրսից ներմուծուած, միեւնոյն շղթայի տարբեր օղակներն են: Այսպիսի գաղափարներ տարածող կազմակերպութիւնների նպատակը ազգին ծնկի բերելն է, քոզմոփոլիթիզմը կարգաւորուող քաոս հաստատելը: Իսկ հայութեան համար կարեւորագոյն հաստատութիւններից մէկը հայկական ընտանիքն է: Այդպիսի կազմակերպութիւնների նպատակը հայկական ընտանիքի աւանդական մոտելը խարխլելն է: Այսօր պատահական չէ, որ ՀՀ-ում կանանց դէմ բռնութիւնների մասին օրէնք է ընդունւում: Նման օրէնքի կարիք Հայաստանն ընդհանրապէս չունի: Ընտանիքի ծրագրաւորման կենտրոններին տրամադրուող գումարները կարելի էր յատկացնել բազմազաւակ, օրինապաշտ ընտանիքի խրախուսմանը: Ն. Փաշինեանի գլխաւորութեամբ, այսօր Հայաստանն ուզում է շտկել իր մէջքը, բայց չմոռանանք Փաշինեանի շրջապատի մասին, որտեղ կան եւ միասեռականներ եւ աղանդաւորներ:

Ուրեմն պէտք չէ յոյսներս դնենք ուրիշների վրայ: Երբ համախմբւում ենք, աշխարհում չկայ մի ուժ, որ կարողանայ մեզ յաղթել: Իսկ եթէ կարողանանք դա ամրագրել նաեւ հոգեւոր տեսանկիւնից, մեր դէմ ընդհանրապէս խաղ չի լինելու:

«Ա.».- Ձեր խօսքում նշեցիք, որ ՀՀ նորանշանակ որոշ բարձրաստիճան պաշտօնեաների մէջ կան աղանդաւորներ: Ձեր կարծիքով, որեւէ աղանդի յարող մարդը կարո՞ղ է արդեօք պետականակենտրոն մտածողութիւն ունենալ:

Ա. Ս.- Ո՛չ, դա լրիւութեամբ բացառւում է: Յաճախ լսում ենք` «մենք թէկուզ Սորոսի հիմնադրամից նուիրատուութիւններ ենք ստանում, բայց մենք ծառայում ենք ազգին»: Հոգեւոր տեսանկիւնից դա նման է նրան, որ ինչ-որ մէկը սատանայից ինչ-որ իշխանութիւն ունենայ, բայց ծառայի Յիսուսին: Դա հնարաւոր չէ: Եթէ դու դրսից ֆինանսաւորւում ես, ուրեմն ուղղորդւում ես: Հնարաւոր է, որ ինչ-որ ժամանակ ձեւացնես կամ ազգի համար այնպիսի բարի գործեր կատարես, որ կողքից նայողի համար արժանի լինես բարձր պաշտօնների: Մարդուն պէտք է պաշտօնի նշանակել` ըստ արժանիքների, այլ ոչ թէ` հաշուի առնել, թէ ինչքա՛ն է քայլել Գիւմրիից:

«Ա.».- Ինչպէ՞ս էք պատկերացնում կուսակցութիւնների եւ, որպէս աւանդական, ազգային կուսակցութիւն` յատկապէս Դաշնակցութեան դերը ազգային դիմագիծը պահպանելու գործում:

Ա. Ս.- Չեմ ուզում առանձնացնել արցախեան Դաշնակցութիւնը միւսներից: Բայց, ցաւօք սրտի, մինչ այս պահը չի շեշտւում ՀՅ Դաշնակցութեան արցախեան կազմակերպութեան տեղը եւ դերը արցախեան ազատագրական շարժման մէջ: Եթէ դա լինէր, ապա որոշ, մանաւանդ արցախեան լրագրողներ, այդքան անպատասխանատու չէին վերաբերուի Դաշնակցութեան նկատմամբ եւ իրենց անհեթեթ տեղեկութիւններով մոլորութեան մէջ չէին գցի մարդկանց: Դաշնակցութեան շնորհիւ է, որ այսօր ԱՀ-ն ունի ձեւաւորուած եւ զինուած պաշտպանութիւն: Բոլորը մոռանում են, որ դաշնակցական կազմակերպութիւնն է եղել դրանց կազմակերպիչը:

Մինչ մարդիկ մոլորուած «միացում» էին գոչում, Դաշնակցութիւնը զբաղուած էր զէնքի հայթայթմամբ եւ ջոկատների ստեղծմամբ:

Այսօր ՀՅԴ-ն, անկասկած, ազգային արժէքների կրողն է, որը շատ կարեւոր փաստ է: Ո՞ւմ է անյայտ, որ ՀՅԴ-ն ամէն օր աշխատում է ազգային արժէքների խրախուսման ուղղութեամբ, երիտասարդներին ազգային երգ-պար սովորեցնելով, համապատասխան ժապաւէններ նկարահանելով մեր ազգային արժէքներն է տարածում:

Իսկ Հայ առաքելական եկեղեցուն ՀՅԴ-ի աջակցութիւնը նոր չէ, Դաշնակցութեան ստեղծման օրուանից է: Արցախի կազմակերպութիւնում ժամանակին եղել է կրօնի հարցով յատուկ պատասխանատու: ՀՅԴ-ն Արցախում եզակի կուսակցութիւն է, որ հոգեւորին մեծ ուշադրութիւն է դարձնում: Չմոռանանք, որ հիմնականում բոլոր կուսակցութիւնների ծրագրում կան «օժանդակել Հայ առաքելական եկեղեցուն», «պայքարել աղանդների դէմ» կէտերը: Արդեօ՞ք որեւէ այլ կուսակցութիւն երբեւէ նման բան քննարկել է:

«Ա.».- Փաստ է, որ վերջին շրջանում ՀՅ Դաշնակցութիւնը մշտապէս հակադաշնակցական ալիքի տակ է: Չէ՞ք կարծում, որ հէնց ազգային դիմագծի պահպանման ջանքերի համար այդպիսի բան պիտի չլինէր:

Ա. Ս.- Աշխարհում միաբեւեռ հասարակարգ ստեղծելու նպատակ հետապնդող միջազգային ուժերի համար առաջին հերթին թշնամին է ազգայնականութիւնը, այնուհետեւ` եկեղեցին, դպրոցը եւ հասարակական յարաբերութիւնները: ՀՅԴ-ն` որպէս ազգային կուսակցութիւն, բնականաբար թիրախաւորուած է նրանց կողմից: Ազգային կուսակցութեան նպատակը ազգային արժանապատուութեան պահպանումն է, իսկ ինչպէ՞ս կարող ես ազգային արժանապատուութիւնը պահպանել` առանց մշակոյթի, ծովից ծով Հայաստանի, առանց քո իղձի, երազանքի: Դրա համար սլաքը հէնց ուղղուած է ազգային կուսակցութիւնների եւ, առաջին հերթին, Դաշնակցութեան դէմ: Դա պատահական չէ ու նոր չէ սկիզբ առել: Դեռ Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան ժամանակներից է սկսուել: Ներքին մղումով, ներքին կարգով Դաշնակցութեանը միշտ հալածում էին:

Դա չի նշանակում, որ Դաշնակցութիւնը սխալներ չի գործել: Բնական է, որ ցանկացած աշխուժօրէն գործող սխալներ է ունենում, եւ այդ սխալները աւելի հեշտ են երեւում: Չաշխատողը չի կարող սխալ գործել: Պէտք է նշել թերութիւնները, շտկել դրանք եւ շարժուել առաջ:

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 847

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>