ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ
Հայաստանի նկատմամբ վստահութիւնը Եւրոպական միութեան կողմից հասել է նոր մակարդակի: «Արմէնփրես»-ին հետ զրոյցում այս մասին նշեց ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Կարապետեան, Հայաստանում քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխութիւնները որքանո՞վ են ընկալելի եւրոպական եւ առհասարակ` միջազգային հանրութեան կողմից: Ի՞նչ տրամադրութիւններ կան քաղաքական, հասարակական հատուածում:
ԳԱՍՊԱՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ.- Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձութիւնները, զարգացումները ժողովրդական արժէքների առաջընթաց էին: Եւրոպան եւ առհասարակ միջազգային հանրութեան արձագանգները, անշուշտ դրական էին եւ ողջունելի: Եւրոպան բազմիցս այս ընթացքում հանդիպումների, դռնփակ քննարկումների ընթացքում անդրադարձել է Հայաստանում զարգացող իրադարձութիւններին, տուել դրական գնահատական, փաստել, որ Հայաստանում յարգւում են ժողովրդավարական, մարդու իրաւունքների արժէքները եւ ձեւաւորւում աւելի կայացած քաղաքացիական հասարակութիւն: Այս փաստը ողջունելի է, քանի որ Հայաստան-Եւրոպական Միութիւն ստորագրած համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագրի գործադրման համար Հայաստանի նկատմամբ վստահութիւնը Եւրոպական միութեան կողմից հասել է նոր մակարդակի եւ համաձայնագիրն առաջիկայ մէկ ամսուայ ընթացքում պէտք է վաւերացուի Եւրոպական խորհրդարանի կողմից: Բացի այդ, Եւրոպական յանձնաժողովը վերջերս Եւրոպական Միութիւն-Հայաստան գործընկերութեան առաջին խորհրդի առթիւ եւ աւելի վաղ Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնախումբը հանդէս են եկել բաւականին դրական յայտարարութեամբ Հայաստանում ձեւաւորուած նոր իրադրութեան մասին:
Հ.- Պարոն Կարապետեան, վերջին շրջանում Արցախի իշխանութիւնները բարձրաձայնում են, որ առաջնագծում ազրպէյճանական զինթեքնիքայի տեղաշարժեր կան: Մտավախութիւն կայ իրավիճակի սրման տեսանկիւնից: Ըստ ձեզ` ինչո՞վ է պայմանաւորուած այս փուլում Ազրպէյճանի աշխուժութիւնը:
Գ. Կ.- Այո՛, վերջին շրջանում Ազրպէյճանի կողմից աշխուժացման վերաբերեալ յայտարարութիւնները բաւական շատ են, սակայն դա չի նշանակում, որ զինթեքնիքայի կուտակումներ չեն եղել նախորդ ամիսների ընթացքում եւս, որը մեծ զգօնութիւն է պահանջում: Ազրպէյճանի աշխուժացումը այսօր յաճախ կապւում է Հայաստանում վերջին երկու ամիսների իրադարձութիւններով: Ազրպէյճանն այդ օրերին հաւանաբար ցանկութիւն ունէր տեսնելու հայ ժողովրդի միասնականութեան կորուստ, որը հիմնականում զբաղուած լինելով ներքին խնդիրներով` կը մոռանար արտաքին վտանգի մասին: Հայ ժողովուրդը, սակայն, եւ մասնաւորապէս հայոց բանակն ապացուցեցին հակառակը` զգալով պահի լրջութիւնը, երբեք չզիջեցին իրենց դիրքերը: Ազրպէյճանը պէտք է հասկանայ, որ այդպիսի իրադրութեան պայմաններում, երբ Հայաստանը եւս մէկ քայլ արեց դէպի ժողովրդավարութիւն, հայոց բանակն աւելի պատրաստակամ է իր առաքելութեան մէջ:
Հ.- Արդեօ՞ք Հայ դատի գրասենեակն Ազրպէյճանի աշխուժացման վերաբերեալ հարցերը բարձրացրել է եւրոպական տարբեր շրջանակներում:
Գ. Կ.- Որպէս ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակ, մենք ոչ միայն Ազրպէյճանի աշխուժացման մասին բարձրաձայնում ենք տարբեր առիթներով, այլ նաեւ բաւականին մեծ եւ կարեւոր տեղեկատուութիւն ենք փոխանցում ե՛ւ հակամարտութեան շփման գծում կատարուող խախտումների, ե՛ւ Ազրպէյճանում մարդու իրաւունքների ոտնահարումների վերաբերեալ:
Հ.- Միջազգային հանրութիւնը, միջնորդները, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկեն իրավիճակի սրացումը կասեցնելու համար:
Գ. Կ.- Միջազգային հանրութիւնը, ինչպէս Ապրիլեան պատերազմի ժամանակ, բաւական տեղեկացուած է իրավիճակից, Ազրպէյճանի մտադրութիւններից, քանի որ Ազրպէյճանը հէնց ինքն է իր գործողութիւնները յայտնի դարձնում արտաքին դաշտին: Եւրոպական շրջանակները, անշուշտ, աջակցում են ԵԱՀԿ Մինսքի խմբի որդեգրած սկզբունքներին, որոնք արտայայտւում են նաեւ ԵՄ-Հայաստան կնքուած համաձայնագրում: Միջնորդ կողմը պէտք է միջոցներ ձեռնարկի սահմանին տիրող իրավիճակը հետաքննող մեքանիզմներ կիրառելու համար:
Այսօր Հայաստանում ձեւաւորուած նոր իշխանութիւնները հանդէս են գալիս Արցախին բանակցային դաշտ բերելու յայտարարութիւններով, որը ողջունելի է ՀՅԴ Հայ դատի գրասենեակների կողմից` համարուելով գլխաւոր նախապայմաններից մէկը Արցախեան հարցի խաղաղ հանգուցալուծման համար: Այս ամէնով պայմանաւորուած` վերջին օրերին ԵԱՀԿ Մինսքի խմբի հայաստանեան այցելութիւնները կարող են հիմք դնել բանակցութիւնների նոր որակի: Բացի դա, Եւրոպական միութիւնը պէտք է պաշտօնական մակարդակով քայլեր ձեռնարկի իր ներկայացուցիչներին Արցախ գործուղելու եւ «առաջին ձեռքից» տեղեկութիւն ստանալու համար:
Հ.- Հայ դատի գրասենեակն առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի: Արդեօ՞ք եւրոպացի պատգամաւորների այցելութիւն Արցախ առաջիկայում սպասւում է:
Գ. Կ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի առաջիկայ ծրագրային առաջնահերթութիւններից է եւրոպական քաղաքական շրջանակների մօտ շարունակել Արցախեան հիմնախնդրի բարձրաձայնումը եւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի սկզբունքի պաշտպանութիւնը: Գրասենեակն իր ամէնօրեայ աշխատանքներով նպաստում է նաեւ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների խորացմանը եւ զարգացմանը, ինչպէս այս օրերին Պրիւքսելում ընթացող Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (Euronest parliamentary assembly) շրջանակներում օժանդակութիւն է ցուցաբերում հայաստանեան պատուիրակութեանը:
Մենք առաջիկայ ամիսներին շարունակելու ենք կազմակերպել եւրոպական երկրների խորհրդարանների եւ Եւրոխորհրդարանի պատգամաւորների այցելութիւններ Արցախ, այդպիսով ձախողելով Ազրպէյճանի` Արցախը մեկուսացման մէջ պահելու քաղաքականութիւնը: