«Միացեալ Նահանգներ Պատժամիջոցներով Կարող Է Արձագանգել Ազրպէյճանի Տարածաշրջանային յարձակողապաշտութեան»
Վարեց` ՍԻՒԶԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Միացեալ Նահանգներու քոնկրեսականներուն` սեպտեմբերին Հայաստան կատարած այցելութեան, հայ-ամերիկեան յարաբերութիւններու, Արցախի եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման վերաբերող նախագիծներուն, ինչպէս նաեւ շարք մը այլ հարցերու մասին «Արմէնփրես» զրուցած է Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանին հետ:
«Ա.».- Վերջերս Միացեալ Նահանգների քոնկրեսականների պատուիրակութիւնը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդիւնքները` ի՞նչ կ՛ասէք այդ այցի մասին, ինչպէ՞ս այն կ՛անդրադառնայ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վրայ:
ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ.- Նման այցելութիւնները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկեան յարաբերութիւնների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարաւորութիւն էր օրէնսդիրների համար աւելի ընդգրկուն պատկերացում ձեւաւորելու անվտանգութեան լուրջ մարտահրաւէրների մասին, որոնք գալիս են Անգարայից եւ Պաքուից:
«Ա.».- Այցի շրջանակում անցկացուած քննարկումների ընթացքում յատկապէս շեշտուեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: Անդրադառնալով, մասնաւորապէս, Միացեալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին, ըստ ձեզ, ի՞նչ հեռանկարներ կան դրա ստորագրման համար, եւ ինչպէ՞ս այն կը նպաստի երկկողմ տնտեսական յարաբերութիւնների առաջխաղացմանը:
Ա. Հ.- Ինչպէս ցոյց է տալիս Միացեալ Նահանգներ ընկերութիւնների աշխատանքը, անհրաժեշտ է կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր` հայ-ամերիկեան երկկողմ փոխշահաւէտ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական խոչընդոտները վերացնելու համար: Սա «յաղթող-յաղթող» բեմագրութիւն կը լինի. գործնական, նուաճելի առաջնահերթութիւն, որը կարող է իրականացուել եւ կ՛իրականացուի Ուաշինկթընի եւ Երեւանի պաշտօնեաների, ինչպէս նաեւ հայ-ամերիկեան առեւտրային գործընկերութեամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրաւուածութեամբ:
«Ա.».- Քննարկումների մէկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետութիւնն էր: Քոնկրեսականները եղան այնտեղ, նշեցին, որ շարունակելու են ջանքերն` ուղղուած Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն այցից յետոյ քոնկրեսականներից մի քանիսը, ոչ զարմանալիօրէն, յայտնուեցին Ազրպէյճանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիւ, ինչպէ՞ս կը բնութագրէք Ազրպէյճանի նման պահուածքը, արդեօք այն կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդեցութիւն ունենալ Ամերիկայի եւ Ազրպէյճանի յարաբերութիւնների վրայ:
Ա. Հ.- Մենք շատ ոգեւորուած ենք Միշիկընում Հայ դատի յանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Ծերակոյտը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցութիւն Արցախին, ինչպէս նաեւ` Հայաստանին: Այս ջանքերը, քոյր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղուած այլ նախաձեռնութիւններին զուգահեռ, բախւում են Ազրպէյճանի հզօր դիմադրութեանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կեդրոնացնում են Միացեալ Նահանգներ քաղաքականութիւնը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերեալ Ամերիկայի հիմնական արժէքի շուրջ:
«Ա.».- Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը մշտապէս իրականացրել է տարբեր նախագծեր` ուղղուած թէ՛ Հայոց ցեղասպանութեան, թէ՛ Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներ: Կը ցանկանայի իմանալ` վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարուել այս երկու հարցի ուղղութեամբ:
Ա. Հ.- Այս տարի քոնկրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ժապաւէնի ցուցադրութիւնը: Նախորդ շաբաթ Ուաշինկթընում կազմակերպեցինք «Ուրացման Ճարտարապետները» ժապաւէնի ցուցադրութիւնը, եւ քոնկրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր արտադրողներ Տին Քէյնը եւ Մոնթել Ուիլիամսը: Միացեալ Նահանգներ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու նախագծի համահովանաւորների թիւը շուրջ 100 է, եւ ծերակոյտում աջակցութիւնը շարունակում է աճել:
«Ա.».- Սեպտեմբերի 27-ին էլ տեղեկացանք, որ Միացեալ Նահանգներ Ներկայացուցիչների պալատում քոնկրեսականներ Քրիս Սմիթի եւ Ճիմ ՄքԿաւերնի նախաձեռնութեամբ օրէնքի նախագիծ է առաջադրուել, որը նախատեսում է Ազրպէյճանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այս ուղղութեամբ, պրն. Համբարեան:
Ա. Հ.- Մենք ոգեւորուած ենք, որ ծերակոյտի յատկացումների յանձնաժողովի կողմից Պաքուի դէմ Տուրպինի (Միացեալ Նահանգներ ծերակուտական Ռիչըրտ Տուրպին-«ԱՓ».) լրացումներով նախատեսուող պատժամիջոցների ընդունումից յետոյ մենք կը տեսնենք քոնկրեսականների աջակցութիւնը` աւելի բաց ու հաստատակամ կերպով Ազրպէյճանում աճող ճնշումներին մարտահրաւէր նետելու հարցում: Ազրպէյճանի տարածաշրջանային փորձարկման պատասխան կը տրուի նոյն կերպ` պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:
«Ա.».- Կը ցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի` մայիսի 16-ին Միացեալ Նահանգներում թուրքական դեսպանութեան շէնքի դիմաց կազմակերպուած բողոքի ցոյցի մասնակիցների վրայ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի թիկնապահների յարձակման դէպքին, որից յետոյ այդ խմբից 12 անձի ձերբակալութեան հրաման տրուեց Ուաշինկթընում: Ո՞ր փուլում է իրաւական գործընթացն այժմ:
Ա. Հ.- Զարմանալիօրէն Թուրքիայի արտաքին գործերի նախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարուել էր եւ խրախուսել յարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալուած երկու անձի: Կարեկցանք յայտնելու փոխարէն` Էրտողանի կառավարութիւնը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ յանցագործութիւնը Ամերիկայի հողում խաղաղ ցոյցի մասնակցելն էր: