Quantcast
Channel: Հարցազրոյց – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 847

Ի՛նչ Տարածք, Որ Այսօր Խաղաղ Զիջենք Թշնամուն, Վաղը Մեր Թոռները Պարտաւոր Կը Լինեն Արիւնով Յետ Բերել

$
0
0

ՍԱՌԱ ԳԱԼՍՏԵԱՆ

fotorcreated-67

1992 թուին ձեւաւորուած հերոսական Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, նոր կազմաւորուող ՀՅԴ կամաւորական զօրամիաւորման հրամանատար Հարմիկ Յովսէփեանի հետ մտովի 25 տարի յետ ենք գնում, տեղափոխւում պատերազմի դաշտ, յիշում գումարտակի կազմաւորումը, ուրախ ու տխուր օրերը, խօսում ձեռքբերումների եւ կորուստների մասին: Իրանահայ ազատամարտիկը պատմում է, թէ ինչպէս էր քաղաքականութիւնը խանգարում մարտի դաշտում, ինչ զոհողութիւնների էին գնում, ինչպէս եւ անդրադառնում է «հող յանձնելու» խօսակցութիւններին:

Մինչեւ Շուշիի առանձնակի գումարտակի ստեղծումը` Դաշնակցութիւնը Արցախի տարբեր շրջաններում ունէր խմբեր` կռուող ջոկատներ, որոնք զբաղւում էին այդ շրջանների պաշտպանութեամբ: Ունէին մարզիչներ, ովքեր սովորեցնում էին ազատամարտիկներին ինչպէս վարուել զէնքի հետ: Մինչեւ 1992 թ.-ը, այսինքն` մինչեւ գումարտակի ձեւաւորումը, գոյութիւն ունէր վաշտ` Դաշնակցութեան առաջին վաշտը, որի հիմքի վրայ էլ ձեւաւորուեց գումարտակը: «Տղերքի մեծ ներդրումով, յատկապէս` Պետրոս Ղեւոնդեանի, վաշտի հիման վրայ ստեղծուեց գումարտակ: Աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանի տարբեր շրջաններից հայորդիներ եկել եւ մասնակցել են գումարտակի կազմաւորմանը, մարտերին: Լիբանանից, Պարսկաստանից, Սիրիայից, Քանատայից, Միացեալ Նահանգներից տղերք են եկել եւ իրենց սուրբ պարտքն են տուել Արցախի ազատագրման գործին», պատմում է Հարմիկ Յովսէփեանը եւ աւելացնում, որ սփիւռքից եկած տղերքի ռազմական իմացութիւնները շատ էին օգնում, որովհետեւ նրանք այլ երկրների բանակներում էին ծառայել: «Օրինակ` ես Պարսկաստանի բանակում եմ ծառայել եւ Դաշնակցութեան դպրոցն անցել: Կարեւոր էր նաեւ, որ դրսից եկածները փաստում էին` Արցախի խնդիրը միայն արցախցունը չի, այն համայն հայ ժողովրդի պատերազմն է, իսկ արցախցին էլ աւելի էր գօտեպնդւում դրանից, զգում, որ մենակ չի: Նա ասում էր, օրինակ, եթէ Պորիս Տէր Ղազարեանը Պարսկաստանից եկել է, իմ կողքին կռւում է, ես ինչպէ՞ս չկռուեմ», պատմում է ազատամարտիկը:

– Ընկե՛ր Հարմիկ, ինչպէ՞ս որոշեցիք գալ արցախեան պատերազմին մասնակցելու, ինչպէ՞ս այդ լուրն ասացիք ձեր ընտանիքին:

– Երբ արցախեան շարժումը նոր սկսուեց, ու դեռ քար ու փետով էին կռւում, ես զինուոր էի Իրանում, մեր Դաշնակցութեան կոմիտէի ղեկավարին ասեցի, որ պատրաստ եմ ծառայութիւնս շարունակել Հայաստանում կամ Արցախում, ուր ինձ ուղարկէք: Մօրս եւ կնոջս ասել էի, որ գնում եմ Հայաստան, դէ պարզ էր` ինչի համար եմ գնում, բայց շրջապատիս ասել էի, թէ Գերմանիա եմ գնում, շատերն էլ նախանձում էին ինձ (ծիծաղում է): 90 թուին առաջին անգամ եկայ, ուղարկեցին Շահումեանի շրջան: Այնտեղ զբաղւում էի կամաւոր ազատամարտիկների մարզումով եւ պահեստի պատասխանատուն էի: Դաշնակցութեան գաղտնի բերած զէնք-զինամթերքն էի բաշխում:

– Ինչպէ՞ս ձեւաւորուեց Շուշիի առանձնակի գումարտակը, ովքե՞ր էին հիմնասիւները:

– Մարտակերտի անկումից յետոյ վիճակը ծանրացել էր: Այդ ժամանակ տեղափոխուեցինք Շուշի ու սկսեցինք գումարտակի ձեւաւորումը: Գումարտակի ձեւաւորման յենասիւներն էին Պետրոս Ղեւոնդեանը, Արտաշէս Մխիթարեանը, Ժիրայր Սեֆիլեանը, Ալպերթ Ալաւերդեանը (հրազդանցի Աբոն), Հրաչ Թադեւոսեանը եւ էլի շատ տղաներ, որոնք գումարտակի բեռն իրենց ուսերին են տարել: Հրամանատարի տեղակալներ են եղել Բորի Տէր Յովհաննիսեանը, ես, Արտաշէս Մխիթարեանը, Ալպերթ Ալաւերդեանը, Վարդգէս Մխիթարեանը եւ էլի ուրիշ շատ հերոս տղաներ: Ռոմիկ Մարգարեանը նոյնպէս գումարտակի յենասիւներից էր:

Սկզբում մօտ 60-ն էինք, յետոյ քիչ-քիչ աւելացանք: Գումարտակին կա՛մ ասում էին Ժիրոյի, կա՛մ Պետոյի գումարտակ: Բայց ընդհանրապէս անձի շուրջ չի ձեւաւորուել այս գումարտակը, այլ` գաղափարի: Բոլորն էլ իրենց մեծ դերակատարումն ունեցել են գումարտակում: Չի եղել, որ անձի դերը որոշիչ լինի: Եղել են պահեր, որ շատ քիչ էինք թուաքանակով, բայց ստիպուած էինք այդ քչով անգամ միանգամից 2 դիրք պահել:

Մեր գումարտակի յաջողութեան գաղտնիքներից մէկն այն էր, որ նոր եկածը միանգամից մարտի դաշտ չէր գնում: Նա զինուորական պատրաստուածութիւն պիտի անցնէր, մարտական դասեր պիտի տայինք: Երբ համոզւում էինք, որ պատրաստ է, էլի սկզբում փորձառուների հետ էինք դիրքեր ուղարկում, որ կողքից նայելով` սովորէր: Միւս կարեւոր կէտն այն էր, որ դասակի մէջ ինչ տեսակի զէնք կար, բոլորը բոլոր զէնքերին տիրապետում էին: Եթէ, ասենք, նռնականետ կրակողը վիրաւորուէր, միւսները կարողանում էին փոխարինել:

– Կը յիշէ՞ք` գումարտակի առաջին մարտը, նաեւ` կարեւոր մարտերը:

– Գումարտակը ճակատագրական դեր ունեցաւ Չիչխան-Սրխաւենդ ճակատամարտի ժամանակ: Առաջին մարտի հրամանատարը Ժիրայր Սեֆիլեանն էր: Երկրորդ, երրորդ ու էլի շատ կարեւոր մարտերի ժամանակ գումարտակը ղեկավարում էր Պետրոս Ղեւոնդեանը, յետոյ` Ալպերթ Ալաւերդեանը եւ ուրիշներ: Գումարտակը շատ յայտնի է իր պաշտպանական գործունէութեամբ. Կիչան-Սրխաւենդի պաշտպանութիւնը, Մարտակերտի շրջանի շատ բարձունքների ազատագրումը, Ֆիզուլու պաշտպանական մարտերը, Զանգելանի, Կուբաթլուի շրջանում մի շարք գիւղերի ազատագրումը պատկանում է Շուշիի առանձնակի գումարտակին:

Շուշիի ազատագրումից յետոյ, երբ դեռ ընդամէնը վաշտ էինք, մայիսի 11-ին, յետ ենք մղել ազրպէյճանական զօրախմբին: Լուսահոգի Դուշման Վարդանն էր մարտը ղեկավարում: Վաշտը ետ մղեց Շուշին ետ վերցնել ցանկացող ազրպէյճանցիներին` շարքից հանելով թշնամու 2 հրասայլ եւ ոչնչացնելով 200 անձից բաղկացած հետեւակ:

Գումարտակը երեք անգամ շրջափակման մէջ է ընկել, եւ փառք Աստծոյ, 3 անգամ էլ կարողացել է շրջափակումից դուրս գալ: Առաջին անգամ շրջափակման մէջ ընկանք, երբ Պետրոս Ղեւոնդեանի ղեկավարութեան տակ էինք: Կիչան-սրխաւենդի բարձունքում էինք: Արցախի բանակի այդ ժամանակուայ հրամանատար Սամուէլ Բաբայեանը, էդ շրջափակման մասին խօսելիս, ասել էր` եթէ կարող էք, Պետոյին համոզէք շրջափակումից դուրս գայ, նահանջի, չէք կարող, ուրեմն այդ դիրքերը յետ բերէք: Սամուէլ Բաբայեանը վստահ էր, որ Պետոն այդտեղից դուրս եկող չի: Պետոն գիտէր, որ եթէ Խաչենի հովիտը թշնամուն անցնի, մէկ ժամից Ստեփանակերտում կը լինեն: Նա ասում էր` եթէ սա զիջենք, Արցախից էլ բան չի մնայ: Չկարողացան Պետոյին համոզել, բայց յաջողեցին դիրքերը յետ բերել: Ամենադաժան մարտերը Ֆիզուլիի շրջանում էին: Ամէն օր զոհ ու վիրաւոր ենք ունեցել, եղել է, որ մի օրում 3 զոհ ենք տուել:

Մեր հրամանատարները երբեք քարտէզի վրայով մարտ չէին վարում: Նրանք մարտի դաշտում էին: Օրինակ` Պետրոս Ղեւոնդեանը, Ալպերթ Ալաւերդեանը, Սմբատը` տղերքը բոլորն առաջին գծում էին, այսինքն` զինուորի կողքին: Տղերքն էլ, որ տեսնում էին հրամանատարն իրենց հետ է, նրանցից առաջ էին վազում, աւելի էին գօտեպնդւում: Ու դա է մեզ տարել յաջողութեան: Բացի դա, մեզ մօտ զինուոր-հրամանատար յարաբերութիւններ չէին, այլ` աւագ ու կրտսեր եղբայրների:

– Ասում են` լարուած պահերին մարդու հումորի զգացումն աւելի է սրւում: Կը յիշէ՞ք հետաքրքիր, զաւեշտալի դէպքեր այն օրերից:

–  (Ժպտում է) Յիշում եմ` Մարտակերտում էինք: Պորիս Տէր Յովհաննիսեանը յոգնած քնած էր, ինքնաձիգս հա մաքրում էի ու անընդհատ մուրը քսում Պորիսի դէմքին: Հիմա արթնցել է, տղերքը նայում, ծիծաղում են: Պորիսը մտածում է` գժուե՞լ են սրանք, ինչի՞ են ինձ նայում, ծիծաղում: Մի անգամ էլ Պորիսին թոքաբորբ էր բռնել, մեր բժիշկն էլ ամէն օր անթիպիոթիք էր սրսկում: Մի անգամ հէնց բժիշկը սրսկում էր, ես նկարեցի: Տարիներ յետոյ նկարն իրեն ուղարկեցի ու յետեւում գրեցի` Պորի՛ս ջան, էս նկարում միայն սրսկուող տեղդ ա երեւում, բայց ում ցոյց եմ տալիս, ասում են` էս հո մեր Պորիսն ա:

Բայց ամենաուրախալի պահն այն էր, երբ յաջողութիւն էինք գրանցում` առանց զոհի ու առանց վիրաւորի: Ցաւալի էր, երբ թէկուզ յաջողութեան դէպքում, զոհ ու վիրաւոր էինք ունենում: Չնայած պատերազմի դաշտում մերւում ես մահուան հետ, բայց ընկերոջ կորուստը շատ դաժան բան է, բոլոր նահատակուած ընկերներիս համար շատ եմ վշտացել:

– Պարո՛ն Հարմիկ, արդեօք այն օրերի իշխանութիւնը ընդունո՞ւմ էր ձեր գործողութիւնները, համաձայնո՞ւմ էր ձեզ հետ: Գիտեմ, որ նաեւ տարաձայնութիւններ են եղել: Կ՛ասէ՞ք` ի՛նչ ազդեցութիւն էր ունենում անհանդուրժողականութիւնը մարտի դաշտում:

– Մենք դաշնակցական հրամանատարներ ունէինք, որ ստիպուած կուսակցութիւնից դուրս էին գալիս, որ զօրամիաւորումը զէնք-զինամթերք ստանար: Երբ Շահումեանի շրջանը կազմաւորում էինք, Շահէն Մեղրեանն էր այնտեղ: Եղել է, որ 3-4 շաբաթ ուղղաթիռ չի եկել Շահումեան: Լեւոն Տէր Պետրոսեանի հրահանգով դիտաւորեալ անտիրութեան էինք մատնւում:

– Կ՛ուզէի անդրադառնաք առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի վերջին ելոյթին: Որպէս պատերազմի մասնակից` ինչպէ՞ս էք գնահատում նրա` ազատագրուած տարածքները խաղաղութեան դիմաց յետ տալու առաջարկը: Եւ, իրօ՞ք, ճի՞շդ էր ՀԱՔ նախագահը, որ ասում էր, թէ սփիւռքից 14 մարդ է ազատամարտին մասնակցել պատերազմին:

– Պատերազմի արհաւիրքը մեր ժողովրդի գլխից, ցաւօք, անպակաս է լինելու: Քանի դեռ Թուրքիան իր ազգային անվտանգութեան թեզը հիմնել է փանթուրքիզմի վրայ, պատերազմի վտանգը մեր գլխին կախուած է մնալու: Ազրպէյճանը նոյնիսկ աւելի յարձակողապաշտ է այսօր, քան Թուրքիան: Ապացոյցներ հո պէտք չեն. տեսէք` ի՛նչ սադրանքներ են ամէն օր տեղի ունենում սահմանի վրայ: Ազրպէյճանի նախագահը ոչ միայն ամենաչնչին փոխզիջման մասին չի խօսում, այլեւ յայտարարում է, թէ այս Հայաստանն էլ ստեղծուել է ազրպէյճանական տարածքների վրայ: Ինչ տարածք, որ այսօր խաղաղ զիջենք թշնամուն, վաղը մեր թոռները պարտաւոր են արիւնով յետ բերել, որովհետեւ այդ տարածքները լինելու են ելման կէտ թշնամու համար: Մեր փրկութիւնը հզօր բանակ, պատրաստուած ժողովուրդ ունենալու մէջ է:

Տարիներ առաջ Լեւոն Տէր Պետրոսեանն ասում էր 3 հոգի են սփիւռքից մասնակցել արցախեան ազատամարտին, հիմա կարող է մի քանի գիրք է կարդացել, մի քանի տեղեկութիւն է ստացել, ասում է` 12: Ընդհանուր առմամբ, մօտ 100 հայորդի է եկել` աշխարհի տարբեր երկրներից: Ի հարկէ, դա շատ փոքր թիւ է, հաշուի առնելով, թէ ի՛նչ մեծ համայնքներ ունենք, բայց այդ քիչ թիւը մեծ որակ է տուել:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 847

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>