«ԱՊԱՌԱԺ»
Հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրոյցում Լաւրովը կարեւորեց Թուրքիայի դերը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում: Այս, ինչպէս նաեւ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցի մասին «Ապառաժ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանի հետ:
«Անկեղծ ասած` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լաւրովի յայտարարութիւնը մեզ մօտ զարմանք է առաջացնում, որովհետեւ Ռուսաստանի պաշտօնական շրջանակները լաւ գիտեն Թուրքիայի իրական վերաբերմունքը ղարաբաղեան հարցի վերաբերեալ մանաւանդ որ ժամանակի ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան գործիչները, այդ թւում նաեւ արտաքին գործերի նախարար Լաւրովը բարձրաձայնել են` ասելով, որ Թուրքիան անընդհատ ձգտում է պատերազմի եւ տարածաշրջանում անկայունութիւն է ստեղծում», ասաց Վահրամ Բալայեանը:
Միաժամանակ մեղադրանքներ էին ներկայացւում սիրիական ճգնաժամի սրման եւ ահաբեկչական կազմակերպութիւններին հովանաւորման մէջ: «Այս իսկ տեսանկիւնից մեզ համար բնականաբար եւ զարմանալի եւ անընդունելի է նման մօտեցումը: Անընդունելի` այն իմաստով, որ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Նախիջեւանի հարցը ժամանակին լուծուել է Թուրքիայի ճնշման տակ: Այն ժամանակ դեռ Ազրպէյճանը Թուրքիայի հովանաւորութեամբ նոր ձեւաւորուող երկիր էր, եւ այս երկրի արտաքին ու ներքին քաղաքականութեան հարցերը լուծւում էին Թուրքիայի կողմից: Այդ նոյն գործելաոճը այսօր շարունակւում է: Թուրքիան տուեալ ժամանակահատուածում հեռահար ծրագրեր ունէր, փորձում էր Ղարաբաղը եւ Նախիջեւանը պոկել Հայաստանից, այդ ձեւով անմիջական կապ հաստատել իր իսկ կողմից ստեղծուած երկրորդ թուրքական պետութեան հետ: Թուրքիան այս վերջին տասնամեակների ընթացքում եւ այսօր էլ մնացել է իր նախկին դիրքում, այսինքն շարունակում է իր հակահայ քաղաքականութիւնը` նպատակ ունենալով հնարաւորինս թոյլ չտալ, որպէսզի արցախեան հիմնահարցը լուծուի միջազգային գործող օրէնքների շրջանակներում», շեշտեց մեր զրուցակիցը:
Վահրամ Բալայեանը յաւելեց նաեւ, որ արցախահայութիւնն արտայայտել է անկախ ապրելու իր կամքը: Ի դէպ, Արցախի հարցը հնարաւոր է լուծել հաշուի առնելով նաեւ տարածքային ամբողջականութեան սկզբունքը, որովհետեւ Արցախը երբեւէ Ազրպէյճանի կազմում չի եղել, եւ աւելի՛ն, Արցախը դարերի ընթացքում ապրել է պետական կեանքով եւ այսօր էլ փորձում է իր սահմանների մէջ կերտել իր պետականութիւնը: Այնպէս որ, Թուրքիան արցախեան հիմնահարցի հետ կապուած անելիք չունի: Եթէ Թուրքիան ցանկանում է նպաստել արցախեան հիմնահարցի լուծմանը, ապա այդ երկրի ղեկավարութիւնը պէտք է հրաժարուի իր հակահայ ծրագրերից:
«Մենք ոչ մի յոյս ու ոչ մի կապ չենք ցանկանում ունենալ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ազրպէյճանի հետ: Մեր ժողովուրդն ընտրել է իր անկախութեան ուղին, պատրաստակամ է պաշտպանել իր երկրի ու հայրենիքի սահմանները: Ինչքան Թուրքիան հեռու մնայ արցախեան հիմնահարցից, այնքան հարցն աւելի հեշտ լուծում կ՛ունենայ», ընդգծեց Վահրամ Բալայեանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատուական գործակալութեանը տուած հարցազրոյցին` Վահրամ Բալայեանը նշեց.
«Ազրպէյճանի իշխանութիւնը եւ մասնաւորապէս նախագահ Ալիեւը այս տարիներին ապացուցել են, որ ոչ մի նպատակ չունեն հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալու: Անընդհատ մեծացրել են իրենց զինանոցը եւ նաւթատոլարների միջոցով ձեռք են բերել նոր զինատեսակներ` յոյս ունենալով, որ կարող են ուժի միջոցով ծնկի բերել արցախահայութեանը, բայց այս հարցում նրանք սխալուել ու շարունակելու են սխալուել, որովհետեւ արցախահայութիւնն այսօր հայ ժողովրդի աջակցութեամբ պատրաստակամ է պաշտպանել հայրենիքի սահմանները, իր անկախութիւնը եւ կերտում է իր պետականութիւնը:
«Կարծում ենք, որ ինքնավարութեան մասին խօսակցութիւններն աւելի շատ վիրաւորական պէտք է լինեն միջնորդ պետութիւնների համար: Տարիներ շարունակ միջնորդ երկրները ձգտում են խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալ, իսկ Ալիեւը փորձում է այդ աշխատանքը ջուրը գցել եւ խօսում է այնպիսի բաների մասին, որոնք չեն տեղաւորւում ո՛չ դիւանագիտական բարոյագիտութեան, ո՛չ էլ ստեղծուած աշխարհաքաղաքական իրողութիւնների շրջանակներում: Բոլորին յայտնի է, որ ինքնավար հանրապետութեան կարգավիճակ ունեցած հայկական Նախիջեւանի հետ ինչ կատարուեց»:
«Ազրպէյճանի ղեկավարութիւնն անգամ չի համակերպւում հայկական երկրամասում մնացած անխօս յուշարձանների հետ, վերացւում է այն ամէնը, ինչ կապուած է հայ ժողովրդի հետ: Հետեւաբար նման սատիստական հակումներ ունեցող մարդու յայտարարութիւններին լուրջ վերաբերուել չի կարելի: Արցախահայութիւնն իր կամքով է վերակերտել պետականութիւնը եւ այսօր ոչ մի նպատակ չունի յարաբերուել Ազրպէյճանի հետ», իր խօսքը եզրափակեց Վահրամ Բալայեանը: